Սեպտեմբերի 19-ին Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերին Իրաքի հյուսիսային Զափ և Ավաշին-Բասյան շրջաններում: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Քուրդ զինյալների կոորդինատները ճշտվել են հետախուզական անաօդաչու թռչող սարքի միջոցով: Ըստ աղբյուրի՝ հարվածների արդյունքում «շարքից հանվել է» PKK-ի 7 զինյալ:
Թուրքիայի զինուժը հաճախ է հարվածում քրդերի դիրքերին Իրաքի հյուսիսում, որտեղ տեղակայված են PKK-ի հիմնական բազաները:
Բացի Իրաքի հյուսիսում քրդերի դեմ գործողություններից, Թուրքիայի օդուժը հաճախ հարվածում է PKK-ի դիրքերին նաև երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում: Քրդերի դիրքերին հարվածելու համար Թուրքիայի զինուժը օգտագործում է նաև տեղական արտադրության հարվածային ԱԹՍ-ներ:
Թուրքիայի տարածքում ուժայինների և քուրդ զինյալների բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Բախումների արդյունքում երկու կողմերն էլ ունեն մարդկային և նյութական կորուստներ: Ըստ Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքի՝ 2017 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ը թուրքական ուժային կառույցներում արձանագրվել է 127 կորուստ: Ըստ թուրքական կողմի՝ PKK-ն էլ 2016-ի սեպտեմբերից մինչև այժմ կորցրել է մոտ 2000 զինյալ:
Բացի մարդկային կորուստներից, թուրք-քրդական բախումների արդյունքում մեծ են նաև նյութական կորուստները: Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք, հիմնականում քրդաբնակ շրջաններ ավերակների են վերածվել: