ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 14-ի նիստի ժամանակ ընդունած որոշումով ՀՀ ԶՈւ զորակոչերի ժամանակ բժշկական հանձնաժողովներում այսուհետ բժիշկ-նարկոլոգներ չեն ներգրավվի:
Որոշման նախագծի համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ խնդրի քննարկման արդյունքներով պարզ է դարձել, որ յուրաքանչյուր զորակոչի ժամանակ զորակոչիկների նարկոլոգիական (թունաքիմիական) հետազոտությունների համար պահանջվում են զգալի ֆինանսական ծախսեր:
Որոշման ընդունմամբ ուժը կորցրել է ՀՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2017-ի միջոցառումների ծրագրի կետերից մեկը:
Մեկ զորակոչիկի հետազոտության արժեքը 15 հազար դրամ է, իսկ առանց նման հետազոտությունների կատարման` բժշկական հանձնաժողովներում համապատասխան մասնագետների ընգրկումը կդառնա անիմաստ:
Նշվում է նաև, որ քաղաքացիների կցագրման ժամանակ զինվորական կոմիսարիատները համապատասխան կազմակերպություններից պահանջում են զորակոչիկների նարկոլոգիական դիսպանսերում հաշվառված լինելու, իսկ ոստիկանության մարմիններից` հատուկ հաշվառման մեջ գտնվելու վերաբերյալ տվյալներ: Հենց դրանց հիման վրա զորակոչիկի զորակոչվելուց հետո իրականացվում է համապատասխան հսկողություն: