ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ուժերն ավարտել են Վրաստանի Բորժոմիի կիրճում հրդեհաշիջման աշխատանքները և վերադարձել Հայաստան: Այս մասին օգոստոսի 29-ին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Հայ հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները՝ մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում:
Հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում՝ փրկարարներին հաջողվել է նաև կանխել կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:
Մեկշաբաթյա հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվածության համար ՀՀ ԱԻՆ աշխատակիցներին շնորհակալական խոսք են ուղղել Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին, վարչապետ Կվիրիկաշվիլին և ներքին գործերի նախարար Մգեբրիշվիլին:
Վրաստանի Բորժոմիի կիրճում բռնկված հրդեհը կանխելու նպատակով օգոստոսի 22-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության 8 հրշեջ-փրկարարական և 1 փրկարարական ավտոմեքենա, Աղետների բժշկության կենտրոնի 1 մեքենա և շարժական կառավարման կենտրոնը՝ 57-հոգանոց անձնակազմով մեկնել էին Վրաստան:
Հրդեհը բռնկվել էր օգոստոսի 19-ին Վրաստանի Բորժոմի-Խարագաուլի ազգային պարկում, որը Վրաստանի հարավային մասում է: