Ժամկետային զինծառայությունից խուսափելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացու

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ժամկետային զինծառայությունից խուսափելու առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ավարտի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել ՀՀ 23-ամյա քաղաքացու: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի կայքը:

Նախնական քննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչը  2010 թվականի հունվարի 17-ին ՊՆ Գյումրիի զինկոմիսարիատում անցել է կցագրում, ապա, հասնելով զորակոչային տարիքի՝ մինչև 2016 թվականի հունիսի 15-ը, ուսման կապակցությամբ ստացել է տարկետում:

Այնուհետև 2016թ. ամառային զորակոչին ներկայացել է Գյումրիի զինկոմիսարիատ: 23-ամյա երիտասարդը Կենտրոնական բժշկական հանձնաժողովի որոշմամբ ճանաչվել է զինծառայությանը պիտանի՝ սահմանափակումով: Սակայն քաղաքացին չի ներկայացել և առանց ծառայությունից ազատվելու խուսափել է ժամկետային զինվորական ծառայության 2016թ. ամառային զորակոչից:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց  կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը: 

ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մաս.

Ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *