Հունիսի 19-ին կառավարությունը հավանություն է տվել իր 2017-2022 թթ ծրագրին և ուղարկել է ՀՀ ԱԺ հաստատմանը: Հունիսի 21-ին անցկացվելու է ՀՀ ԱԺ արտահերթ նիստ, որտեղ էլ նախատեսվում է կառավարության ծրագրի քննարկումը:
Պաշտպանության ոլորտում ծրագիրը նախատեսում է ինչպես ԶՈւ սպառազինությամբ համալրման ու ռազմարդյունաբերության զարգացման, այնպես էլ կադրային համալրման ու կանանց կամավոր զինծառայության հնարավարությունների ավելացման աշխատանքներ:
Պաշտպանական ներուժի զարգացում
Կառավարությունը նախատեսում է մինչև 2020 թվականի ավարտը շարունակել զինված ուժերի վերազինումը անհրաժեշտ սպառազինությամբ, ռազմական և հատուկ տեխնիկայով:
Դրա համար նախատեսվում է օգտագործել ինչպես Հայաստանի ներուժը՝ սեփական ռազմարդյունաբերության զարգացման միջոցով, այնպես էլ միջազգային ռազմատեխնիկական համագործակցությունը՝ արտերկրից սպառազինության ներկրումները:
Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար կառավարությունը մասնավորապես նախատեսում է «ձևավորել ազգային ռազմական ինովացիոն համակարգ, որտեղ ՀՀ ՊՆ-ն ուղղակիորեն կաշխատի ՀՀ բուհերի հետ՝ ներկայացնելով կադրերի պատրաստման պահանջարկ՝ բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների և զինված ուժերի համար հետաքրքրություն ներկայացնող այլ մասնագիտությունների գծով:
ՀՀ պաշտպանության նախարարության կողմից բուհերում կստեղծվեն նաև համապատասխան լաբորատորիաներ, միաժամանակ կխթանվի ռազմարդյունաբերական համալիրում աշխատած նախկին կադրերի ինտեգրումը ՀՀ նորարարական համակարգում»:
Պաշտպանունակության ներքին գործոնների զարգացմանը զուգահեռ մինչև 2022 թվականի ավարտը կառավարությունը նախատեսում է աշխատել նաև անվտանգության միջազգային երաշխիքների զարգացման ուղղությամբ: Ասել է, թե՝ Հայաստանը շարունակելու է աշխատանքը ՀԱՊԿ, ՆԱՏՕ և այլ միջազգային կառույցների հետ:
Զինված ուժերի մարտունակության բարձրացումը
Մինչև 2020 թվականի ավարտը կառավարությունը մտադիր է կատարելագործել մարտական հերթապահության համակարգը՝ մասնավորապես նաև տեսադիտարկման և հետախուզական համակարգերով համալրման միջոցով:
Դրան զուգահեռ կատարվելու են նաև աշխատանքներ մարտական դիրքերի ինժեներական կահավորման, սպայական և շարքային կազմի հատուկ պատրաստության ուղղությամբ՝ «մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմի անվտանգությունը, ցանկացած ոտնձգության ժամանակին բացահայտման, կանխման և խոցման հնարավորությունները» կատարելագործելու համար:
Ազգ-բանակ հայեցակարգ
Հայեցակարգի ներդրման համար կառավարությունը նախատեսում է.
- բարձրացնել զինծառայության գրավչությունը պարտադիր ժամկետային և սպայական կազմի զորակոչիկների համար, դրան զուգահեռ զորքերը համալրել պայմանագրային և արհեստավարժ ենթասպայական կազմի զինծառայողներով: Միաժամանակ աշխատանք է տարվելու պահեստազորի պատրաստության արդյունավետ համակարգի ձևավորման ուղղությամբ:
- մինչև 2020 թվականի ավարտն ապահովել ՀՀ պաշտպանությանը յուրաքանչյուր զինապարտ քաղաքացու մասնակցությունը, ինչպես նաև ընդլայնել կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները:
- մինչև 2020 թվականի ավարտը մշակել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված (մահացած), անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովության ռազմավարություն:
- մինչև 2022 թվականի ավարտը ստեղծել ռազմական կրթության և ծառայողական առաջխաղացման թափանցիկ համակարգ, կայացնել և մրցունակ դարձնել նախնական զինվորական, միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթությունն ապահովող ազգային ռազմակրթական համակարգը:
- մինչև 2022 թվականի ավարտն ամբողջացնել ռազմաբժշկական ապահովման ոլորտի բարեփոխումները: