2017 թվականի մայիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու Գ.Կարապետյանի հրազենային վիրավորում ստանալու հանգամանքները:
Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:
[Լրացում] Մայիսի 18-ին ՀՀ Քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Վարդանի Կարապետյանի մահվան դեպքի առթիվ:
Դեպքի վայրի զննությամբ, ձեռնարկված անհետաձգելի դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պայմանագրային զինծառայող Գրիշա Կարապետյանին հրազենային վնասվածքը պատճառվել է իր կողմից՝ իրեն ամրակցված ինքնաձիգով:
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը):