Սև ծովում մեկնարկել է Sea Breeze-2015 միջազգային զորավարժությունը

Այսօր՝ օգոստոսի 31-ին, Սև ծովում ուկրաինական նավատորմի հետ համատեղ մեկնարկել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Sea Breeze-2015 («Ծովային զեփյուռ-2015») միջազգային զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև սեպտեմբերի 12-ը։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության կայքը։

Sea Breeze-2014 զորավարժություն Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից

Sea Breeze-2014 զորավարժություն
Նկարը՝ ՆԱՏՕ-ի կայքից

Զորավարժության հայտարարված նպատակ է տարածաշրջանային ճգնաժամի և բնական աղետների չեզոքացումը, մարդասիրական օգնության տրամադրումը, ծովահենության դեմ պայքարը։ Նշվում է նաև, որ ԱՄՆ ծովային հրամանատարության միացյալ ուժերը ծովահենության դեմ պայքարում գործելու են ԱՄՆ մանդատով։

Տեղեկացնենք, որ դեռևս հունիսի 5-ին ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը հրապարակել էր զորավարժությանը մասնակցող երկրների կազմը, որոնց թվում են՝ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Կանադան, Գերմանիան, Հունաստանը, Մոլդովան, Նորվեգիան, Ռումինիան, Շվեդիան։

Նշենք, որ մինչև 2011 թվականը զորավարժությանը մասնակցում էր նաև Ռուսաստանը։ Վերջինս այդ թվականինց հրաժարվեց մասնակցել վարժանքներին չնայած այն ժամանակ Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Վիկտոր Մաքսիմովի հրավերին։

Ըստ ուկրաինական Ukrinform լրատվամիջոցի՝ Sea Breeze-2015 ռազմածովային զորավարժությանը մասնակցում է 2500 զինծառայող: Ուկրաինան այս զորավարժությանը ներկայացել է 1000 զինծառայողով, մոտ 10 ռազմանավով, 8 ուղղաթիռով և ինքնաթիռով և 50 միավոր անվավոր զինտեխնիկայով, իսկ ԱՄՆ-ն՝ 1000 զինծառայողով, մինչև 5 նավով, 2 սուզանավով և շուրջ 40 միավոր անվավոր զինտեխնիկայով: Մնացած 500 զինծառայողը ներգրավվել են ՆԱՏՕ-ի անդամ և «Համագործակցություն հանուն խաղաղության» (PfP) ծրագրի մասնակից պետություններից:

Համագործակցության հանուն խաղաղության» (PfP) ծրագրի շրջանակներում իրականացվող Sea Breeze զորավարժություններն անցկացվում են Ուկրաինայի տարածքում 1997-ից՝ 1993-ին Ուկրաինայի ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև կնքված «Պաշտպանական ու ռազմական հարցերում փոխգործակցության ու փոխըմբռնման հուշագրի» համապատասխան։

2 responses to “Սև ծովում մեկնարկել է Sea Breeze-2015 միջազգային զորավարժությունը

  1. Pingback: Սև ծովում մեկնարկել է ՆԱՏՕ-ի Sea Breeze-2016 զորավարժությունը | Ռազմ.info

  2. Pingback: Սև ծովում մեկնարկել է Sea Breeze-2016 զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *