ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել հրդեհի պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի վերաբերյալ

Օգոստոսօ 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում օգոստոսի 12-ին բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքների ընթացքի հետ:Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հրդեհաշիջման աշխատանքների վերաբերյալ

Խորհրդակցության շրջանակներում քննարկվել են հանրապետության ամբողջ տարածքում տևական ջերմային բարձր ֆոնի և տեղումների բացակայության պայմաններում անտառամերձ ու անտառային գոտիներում առաջացած հրդեհավտանգ իրավիճակի պատշաճ վերահսկողության, կանխարգելիչ աշխատանքների իրականացման, առաջացած հրդեհների պատճառների բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների, բնությանը և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասի ուսումնասիրման, դրա վերականգնման հնարավորությունների վերաբերյալ:

Քննարկվել է նաև ստեղծված իրավիճակում նոր միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են նախագահի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը, ԱԻ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարները, նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության ղեկավարը, ԱԳ, տարածքային կառավարման և զարգացման նախարարների տեղակալներ, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Նախագահին զեկուցվել է նաև հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում դժվարությունների ու առկա խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ օրեր առաջ նախագահի կողմից օպերատիվ կարգով տրված հանձնարարականների համաձայն ձեռնարկվող միջոցների վերաբերյալ:

Ոլորտների պատասխանատուները զեկուցել են, որ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցները, և այս պահին եղած հնարավորությունները բավարար են պետական արգելոցի տարածքում առաջացած խնդիրը լուծելու համար, հրդեհավտանգ բոլոր հատվածներում իրականացվում է ամենօրյա ուժեղացված հսկողություն:

Խորհրդակցության արդյունքներով նախագահը հանձնարարել է շարունակել իրավիճակը պահել խիստ հսկողության տակ և պարբերաբար զեկուցել հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *