Ինքնասպանություններն ԱՄՆ զինված ուժերում 2010 թվականին

Վերջին շրջանում շատ է խոսվում հայկական բանակում ինքնասպանությունների դեպքերի մասին: Ստույգ տվյալներ չունենալով՝ չեմ ուզում ենթադրություններ անել այն մասին, թե այդ դեպքերից քանիսն են իսկապես ինքնասպանություն և քանիսն են իրականում սպանություն կոծկելու փորձ։ Հավելյալ փաստերի և տվյալների առկայության դեպքում, թերևս, այս խնդրին էլ կանդրադառնամ։ Բայց հիմա ուզում եմ խոսել մեկ այլ հանգամանքի մասին։ Հետևելով սոցիալական ցանցերում քննարկումներին` ուշադրություն դարձրեցի, որ գերակշիռ է այն կարծիքը, թե ինքնասպանությունները (կամ ընդհանրապես հանցագործությունները) որպես նկատելի երևույթ հատուկ են միայն մեր բանակին, կամ էլ առնվազն բացակայում են լուրջ և կայացած բանակներում։

Ինձ հետաքրքրեց, թե իրականում ինչ իրավիճակ է տիրում այլ երկրների զինված ուժերում և սկսեցի տեղեկություններ փնտրել։ Առավել ամբողջական և թարմ տվյալներ հաջողվեց հայթայթել ԱՄՆ զինված ուժերի վերաբերյալ, ուստի դրանք էլ կներկայացնեմ ստորև։

Նշեմ, որ ԱՄՆ և ՀՀ զինված ուժերը ունեն տարբեր կառուցվածք։ Ըստ այդմ թյուրիմացություններից խուսափելու համար նախնական մի քանի տեղեկություններ տամ։ «ԱՄՆ բանակ» ասելով, ԱՄՆ-ում հասկանում են միայն ցամաքային զորքերը։ Ռազմածովային նավատորմը, ռազմաօդային ուժերը, ծովային հետևակը և առափնյա ծառայությունն առանձին զորատեսակներ են, ընդ որում վերջինը պաշտպանության նախարարության ենթակայության տակ է անցնում միայն պատերազմի ժամանակ։

ԱՄՆ բանակի մեկ այլ առանձնահատկություն է պահեստազորի կառուցվածքը։ Յուրաքանչյուր զորատեսակ ունի իր պահեստազորը, բացի դրանից բանակը (ցամաքային զորքեր) և ռազմաօդային ուժերն ունեն նաև իրենց ազգային գվարդիաները։ Ազգային գվարդիան պատերազմի ժամանակ մոբիլիզացիոն առաջին ռեսուրսն է, իսկ խաղաղ պայմաններում երբեմն իրականացնում է նաև ներքին զորքերի գործառույթներ։

«Գործող բանակ» (active duty) ասելով, հասկանում են ցամաքային զորքեր` ներառյալ մոբիլիզիացված գվարդիականները և պահեստազորայինները (1)։

Full Metal Jacket suicide scene

Ռեժիսյոր Սթենլի Քուբրիկի 1987 թ. «Full Metal Jacket» ֆիլմում զորակոչիկներից մեկն ինքնասպանություն է գործում՝ չդիմանալով ծանր պայմաններին ու ստորացումներին

Անցնենք թվային տվյալներին։

ԱՄՆ գործող բանակի թվակազմը 2010 թվականին կազմել է մոտ 569000 մարդ (այլ տվյալներով` մոտ 553000 մարդ, բայց այս տարբերությունը, հավանաբար, պայմանավորված է մոբիլիզացված գվարդիականներին ու պահեստազորայիններին հաշվի առնել-չառնելով (2))։ Ես կհենվեմ 569000 թվի վրա, քանի որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտն այդ թիվն է հայտնել, որպես 2010 թվականին գործող բանակի թվակազմ (ցամաքային զորքեր + մոբլիզացված գվարդիականներ և պահեստազորայիններ) (1)։

Այդ 569000 զինծառայողից 2010 թվականին ինքնասպանություն են գործել 156-ը (այդ թվում` զորակոչված 6 գվարդիական և 11 պահեստազորային) (1)։ 100000 զինվորի հաշվով դա կազմում է 27.4 ինքնասպանություն։

Իմ տրամադրության տակ առայժմ չկան ՀՀ ԶՈւ վիճակագրական տվյալները, բայց, եթե դրանք լինեն, ապա ԱՄՆ ԶՈւ վիճակագրության հետ համեմատելու համար, թերևս, պետք է հենվել միայն ԱՄՆ գործող բանակի վիճակագրության վրա, քանի որ այլ զորատեսակները մեր զինված ուժերում կամ բացակայում են, կամ չափազանց սակավաթիվ են, որպեսզի համեմատությունը կոռեկտ լինի (օրինակ` ԱՄՆ ռազմաօդային ուժերի թվակազմը հավասար է ցամաքային զորքերի թվակազմի մոտավորապես 60 տոկոսին, իսկ մեր դեպքում`2.4 տոկոսին (2),(3) )։ Սակայն, որպեսզի ԱՄՆ ԶՈՒ համար պատկերը հնարավորինս ամբողջական լինի դիտարկենք նաև մյուս զորատեսակները։

Ամերիկյան զինված ուժերի այրընտիր (մարտական էլիտա) համարվող ծովային հետևակի կորպուսում 2010 թվականին գրանցվել է 37 ինքնասպանություն (4)։ Դա կազմում է 17.2 զոհ 100000 հետևակայինի հաշվով (կորպուսում ծառայում էր ընդամենը 215000 հետևակային (2))։ Հետաքրքրական է, որ 2006 թվականից ի վեր առաջին անգամ 2010 թվականին ԱՄՆ ծովային հետևակում ինքնասպանության դեպքերը կտրուկ նվազել են. 2009-ի 52-ի դիմաց 37 դեպք, բայց դրա փոխարեն ինքնասպանության փորձերի թվի թեթևակի աճ է գրանցվել` 164-ից դառնալով 172 (5)։

Ինչ վերաբերում է ԱՄՆ ռազմաօդային ուժերին, ապա այնտեղ անցյալ տարի ինքնասպանություն է գործել 54 մարդ (6)։ Այլ աղբյուրներում, ավելի կոնկրետ` ռազմաօդային ուժերի պաշտոնական կայքում, նշվում է 100 զոհ (7), սակայն դա կամ վրիպակ է, կամ իր մեջ ներառում է նաև ռազմաօդային ուժերում աշխատող քաղաքացիական անձանց, որոնց թվաքանակը համեմատելի է օդուժի թվաքանակի հետ։ Ամեն դեպքում որպես հիմք վերցրեցի 54 թիվը, քանի որ այն համապատասխանում է վիճակագրական մյուս տվյալներին։ Օդուժի թվաքանակը 2010-ին եղել է մոտ 334000 (2), այսինքն՝ 16.2 զոհ 100000 զինվորականին։

Ինքնասպանությունների առումով իրավիճակն ԱՄՆ ռազմածովային ուժերում վերջին տարիներին առավել բարվոք է. 2010 թվականին այնտեղ գրանցվել է 38 դեպք (8), որը 100000 մարդու կտրվածքով կազմում է 10.8 զոհ։

Այսպիսով ԱՄՆ զինված ուժերում (1470000 մարդ) 2010 թվակնին գրանցվել է 285 ինքնասպանություն կամ 100000 մարդու հաշվով 19.4 դեպք։

Սա միայն ինքնասպանությունների հետևանքով ամերիկյան զինված ուժերի ոչ մարտական կորուստներն են։ Սպանությունների, ավտո և ավիա վթարների, դժբախտ պատահարների, զենքի օգտագործման կանոնների խախտման, հիվանդությունների հետևանքով այլ ոչ մարտական կորուստները ներառված չեն։ Որևէ տեղեկություն չկա նաև մասնավոր ռազմական ընկերությունների (ՄՌԸ) ոչ մարտական կորուստների մասին, թեպետ այդպիսի ընկերությունները ամերիկյան ռազմական համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս են կազմում։ Օրինակ՝ ըստ որոշ տվյալների, այժմ Իրաքում ավելի շատ ՄՌԸ մարտիկներ կան, քան ԱՄՆ կանոնավոր բանակի զինծառայողներ։

Ամենևին նպատակ չունեմ ասելու, թե «ժողովուրդ, տեսեք ամերիկյան բանակում էլ են ինքնասպանություններ լինում, կարող ենք հանգիստ քնել»։ Ոչ, ճիշտ հակառակը. պիտի հասկանանք, որ նման խնդրի առջև մեզնից առաջ կանգնել են այլ բանակներ։ Ես բերեցի միայն ԱՄՆ բանակի օրինակը, բայց ինքնասպանությունները լրջագույն խնդիր են ոչ միայն ԱՄՆ, այլև աշխարհի մյուս բանակներում։

Դա նշանակում է, որ այդ բանակները կուտակել են պայքարի ու կանխարգելման որոշակի փորձ, որը կարող է օգտակար լինել նաև մեզ համար։ Ուրեմն պետք է ուսումնասիրել այդ փորձը և ինչու՞ ոչ, սովորել ուրիշների՝ այլ ոչ թե մեր սխալների վրա, քանի որ մեր սխալների գինը տասնյակ երիտասարդ կյանքերն են, որոնք կարելի է փրկել։

Առաջիկայում razm.info-ն կփորձի անդրադառնալ նաև ԱՄՆ-ում ինքնասպանությունների կանխարգելման փորձին:

Աղբյուրները`
1. Գեներալներ Պետեր Չիարելլիի, Ջեք Սթալզի և Ռայմոնդ Քարպենտերի ճեպազրույցը 2010 թվականին ամերիկյան բանակում ինքասպանությունների վիճակագրության վերաբերյալ։
2. «Military Balance 2010» 31-41 էջեր
3. «Military Balance 2010» 174-175 էջեր
4. ԱՄՆ ծովային հետևազորի կորպուսի պաշտոնական կայք
5. ԱՄՆ ծովային հետևազորում ինքնասպանությունների ամսեկան թարմացում
6. stripes.com
7. ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնական կայք
8. 2001-2010թթ. ԱՄՆ ռազմածովային ուժերում ինքնասպանությունների վիճակագրություն

One response to “Ինքնասպանություններն ԱՄՆ զինված ուժերում 2010 թվականին

  1. Pingback: Կորեոլան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *