«Ռաֆալը» կործանիչը պարտվեց Արաբական Միացյալ Էմիրություններում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Դուբայի միջազգային ավիաշոուն ֆրանսիացի ավիաշինարարների համար ամենահաճելին չէր։ Երեկ հայտնի դարձավ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) վերջնականապես դադարեցնում են ֆրանսիական «Ռաֆալ» կործանիչները ձեռք բերելու շուրջ բանակցությունները և հայտարարում են նոր կործանիչներ գնելու միջազգային մրցույթ։

Ֆրանսիական արտադրության «Ռաֆալ» կործանիչ։

Ֆրանսիական արտադրության «Ռաֆալ» կործանիչ։

Արաբները դժգոհել են ինչպես ինքնաթիռի որակից, այնպես էլ գնից։ Էմիրությունների զինված ուժերի փոխհրամանատար արքայազն Մոհամեդ բին Զայեդը հայտարարել է. «Նիկոլյա Սարկոզիի շնորհիվ Ֆրանսիան ամեն ինչ արեց գործարքի դիվանագիտական աջակցման համար, սակայն «Դասալթ» ընկերությունը, ըստ ամենայնի, չի հասկանում, որ ոչ մի քաղաքական և դիվանագիտական կամք ի վիճակի չի հաղթահարել անմրցունակ և անաշխատունակ կոմերցիոն պայմանները»։

Ֆրանսիան 2008 թվականից բանակցություններ էր վարում ԱՄԷ հետ 60 հատ «Ռաֆալ» կործանիչների վաճառքի շուրջ, որոնք պիտի փոխարինեին «Դասալթ Միրաժ 2000» կործանիչները, սակայն բանակցությունները մտան փակուղի։ Գործարքի վրա մութ ամպեր սկսեցին կուտակվել, երբ ԱՄԷ-ը խնդրեցին ամերիկյան «Բոինգ» ընկերությանը «F/A-18E/F Սուպեր Հորնեթ» ինքնաթիռի տեխնիկական հնարավորությունների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, իսկ այս տարի ամռանը արաբները սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել նաև ամերիկյան «Լոկհիդ Մարտին» ընկերության «F-16» ինքնաթիռի նկատմամբ։ Եվ վերջապես 2 օր առաջ Էմիրաթները ցանկություն հայտնեցին գնել «Եվրոֆայթեր» կործանիչներ։

Այսպիսով, եթե Ֆրանսիան դեռ ցանակում է վաճառել իր կործանիչները Էմիրաթներին, ապա այժմ ստիպված պիտի լինի վաստակել այդ իրավունքը մրցակիցների հետ պայքարում, որոնց թվում կարող են լինել առնվազն ամերիկյան «F-16», «F-18», և եվրոպական «Եվրոֆայթեր» ինքնաթիռները։

Սա «Ռաֆալի» հերթական ձախողումն է, մինչ այդ ինքնաթիռն առաջարկվել էր Բրազիլիային, Մեծ Բրիտանիային, Շվեյցարիային, Օմանին, Քուվեյթին, Լիվիային և Հնդկաստանին։ Վերջինս էլ այժմ մնում է ֆրանսիացիների հիմնական էքսպորտային հույսը, որի հայտարարած մրցույթում հենց «Ռաֆալն» ու «Եվրոֆայթերն» են մնացել եզրափակիչում։

Աղբյուր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *