ԱՄՆ-ը պատրաստ է վաճառել Հնդկաստանին «F-35» կործանիչներ

Վերջերս Պենտագոնի մի զեկույցում նշվել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է Հնդկաստանին վաճառել 5-րդ սերնդի F-35 կործանիչներ։ Այդ առաջարկը նախկինում էլ է արվել, ընդ որում, հնդիկները կարող էին ոչ միայն գնել այդ կործանիչը, այլև մասնակցել դրա ստեղծման աշխատանքներին, սակայն Հնդկաստանը մերժել էր` հայտարարելով, որ չի կարող իրեն թույլ տալ 5-րդ սերնդի միաժամանակ երկու կործանիչ։ Հիշեցնենք, որ Հնդկաստանը Ռուսաստանի հետ արդեն աշխատում է FGFA կործանիչի ստեղծման ուղղությամբ, որը ստեղծվում է ռուսական «ՊԱԿ-ՖԱ» կործանիչի հիման վրա և, ըստ էության, կլինի դրա էքսպորտային տարբերակը։

Զենքի հնդկական շուկայի համար պայքարը վերջին տարիներին բավականին թեժացել է։ Նախկինում և´ ռուսները, և´ ամերիկացիները մասնակցել էին 126 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների գնման հնդկական մրցույթին. Ռուսաստանը ներկայացրել էր «Միգ-35» կործանիչը, իսկ ԱՄՆ-ը «F/A-18» և «F-16 Block 60» կործանիչները, սակայն դրանք բոլորը դուրս էին մնացել մրցույթից` իրենց տեղը զիջելով «Եվրոֆայթեր Թայֆուն» («Eurofighter Typhoon») և «Ռաֆալ Դասալթ» («Rafale Dassault») կործանիչներին։ Դրա փոխարեն ԱՄՆ-ը կարողացել էր հաղթել ուղղաթիռների գնման մրցույթում։

Սա հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ը դեռ պայքարելու է Հնդկաստանին 5-րդ կործանիչներ վաճառելու հնարավորության և, համապատասխանաբար, Ռուսաստանին շուկայի այդ հատվածից դուրս մղելու համար։ Իսկ դա միանգամայն իրական սցենար է մի շարք հանգամանքների պատճառով.

  1. Հնդկաստանը ամենասկզբից շահագրգրված էր 5-րդ սերնդի թեթև, մեկ շարժիչանի կործանիչով, մինչդեռ ռուսական «ՊԱԿ-ՖԱ»-ն պատկանում է ծանր կործանիչների դասին։ Ավելին, Ռուսաստանը «ՊԱԿ-ՖԱ»-ի օգտին սառեցրել է 5-րդ սերնդի թեթև կործանիչների իր նախագիծը` «ՄիԳ 1.44 ՄՖԻ»-ն։
  2. Հնդկաստանը նախկինում շահագրգռված էր «F-35»-ով, քանի որ հենց այն մեկ շարժիչանի, թեթև կործանիչ է, սակայն բանակցությունները ձախողվեցին։ Ձախողման պատճառը, հավանաբար, տեխնոլոգիաներին լիարժեք տիրապետելու Հնդկաստանի պայմանի և տեխնոլոգիաներով չկիսվելու ԱՄՆ-ի ձգտումների անհամատեղելիությունն էր։ Հենց Ռուսաստանի` տեխնոլոգիաները բացահայտելու պատրաստակամության պատճառով հնդիկների ընտրությունը, այնուամենայնիվ, կանգ առան «ՊԱԿ-ՖԱ»-ի վրա։
  3. Ի տարբերություն «ՊԱԿ-ՖԱ»-ի, «F-35»-ն արդեն լիովին պատրաստ է և արտադրվել է փոքր սերիաներով։ Եվ հետևաբար, «ՊԱԿ-ՖԱ» նախագծի հնարավոր ձգձգումները կարող են պատճառ դառնալ, որպեսզի Հնդկաստանը վերանայի իր որոշումը։

Կարդացեք նաև։
Հնդկաստանը հրաժարվել է ռուսական «Մի-28Ն» ուղղաթիռներից։
Ռուսաստանը սկսում է զիջել դիրքերը սպառազինությունների հնդկական շուկայում։

Աղբյուրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *