Հարավային Կորեան նոր կործանիչ է նախագծում

Սեուլի ավիաշոում ներկայացվել են հարավ-կորեական նոր կործանիչ ինքնաթիռի էսքիզները։ Ինքնաթիռը կրում է «ԿՖ-Իքս» («KF-X») անվանումը։ Ներկայացվել են էսքիզների երկու խումբ։

Առաջինը դա կորեացիների մշակած տարբերակն է։ Այդ տարբերակի էսքիզները, թեև ունեն դետալների որոշակի տարբերություններ, բայց ընդհանուր գծերով հիշեցնում են «Ֆ-35»-ը, միայն երկու շարժիչով։

Այն, ըստ էության, 5-րդ սերնդի կործանիչի հարավ-կորեական նախագիծ է։ Ըստ հարավ կորեացի պաշտոնյաների` նախատեսվում է, որ երկու շարժիչանի ցածր տեսանելիության ինքնաթիռը իր մանևրունակությամբ, արագությամբ և գործողության շառավղով միջանկայլ դիրք կզբաղեցնի ամերիկյան «Ֆ-16» և «Ֆ-15» կործանիչների միջև։ Ինքնաթիռի համար մշակվելու են նաև սեփական արտադրության նոր զինատեսակներ, այդ թվում ղեկավարվող ռումբեր և հականավային հրթիռներ։

Էսքիզների երկրոդ տարբերակն առաջարկվել է «Եվրոֆայթեր» («Eurofighter») ընկերության կողմից։ Ի տարբերություն կորեական տարբերակի, «Եվրոֆայթերի» առաջարկը պակաս հավակնոտ է, և եթե այդ առաջարկի մասին կարելի է խոսել, որպես նոր սերնդի կործանիչ, ապա դա կլինի այսպես կոչված «4+» սրենդին պատկանող ինքնաթիռ։ «Եվրոֆայթերի» առաջարկած տարբերակը ենթադրում է, որ նոր ինքնաթիռը պիտի փոխարինի «Ֆ-4 Ֆանտոմ» և «Ֆ-5 Թայգր» կործանիչների ասիական պարկը։

Առայժմ դժվար է ասել, թե որ ուղղությամբ Հարավային Կորեան կշարունակի աշխատանքները, սակայն հայտնի է, որ նոր ինքնաթիռի սերիական արտադրության սկիզբը նախատեսված է 2020 թվականին։ Հարավ-կորեական այս ծրագրին արդեն միացել է նաև Ինդոնեզիան, իսկ Թուրքիայի հետ բանակցությունները դեռ շարունակվում են։ Նախատեսվում է, որ նոր կործանիչի մշակումը կարժենա մոտ 5մլրդ. դոլար, սակայն սա մեղմ ասած խիստ լավատեսական գնահատական է կորեացիների կողմից, հատկապես, եթե նրանք գնան 5-րդ սերնդի կործանիչ ստեղծելու ճանապարհով։

Եթե կորեացիները նախապատվությունը տան ոչ թե «Եվրոֆայթերի», այլ իրենց նախագծին, ապա կդառնան աշխարհում 5-րդ երկիրը, որը 5-րդ սերնդի կործանիչ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ է տանում։ Հիշեցնենք, որ այդպիսի ինքնաթիռներով այսօր զինված է միայն ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Չինաստանն արդեն ստեղծել են թռիչքային նախատիպեր, իսկ ճապոնական «ԱՏԴ-Իքս» («ATD-X») կործանիչի առաջին թռիչքային նախատիպը պատրաստ կլինի առաջիկա տարիներին։

Աղբյուրներ`
SEOUL AIR SHOW: KF-X vision unveiled
SEOUL AIR SHOW: Eurofighter shares KF-X vision

One response to “Հարավային Կորեան նոր կործանիչ է նախագծում

  1. Pingback: Թուրքիան ցանկանում է նոր սերնդի կործանիչ ստեղծել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *