Ռազմաշաբաթ. Հայաստան. փետրվարի 9-15

Հոսպիտալում զինծառայող է մահացել։ ՀՀ ՊՆ-ն և առողջապահության նախարարությունն աշխատանքային խմբեր են ստեղծել։ ՀՀ խաղաղապահները շարունակելու են ծառայությունն Աֆղանստանում։

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

-Փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է 1995 թվականին ծնված զինծառայող Արշակ Զադայանը: Ավելի վաղ զինծառայողը հոսպիտալ էր տեղափոխվել սուր թոքաբորբ ախտորոշմամբ: Նրա մահվան դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ 376-րդ հոդվածի 2-րդ մասով։ Այն է՝ ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

-ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունները համատեղ որոշման արդյունքում ստեղծել են հատուկ աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանելու ՀՀ զինված ուժերի զորամասերում ու հոսպիտալներում։ «Մեր նպատակն է հասկանալ այս ձմեռային հիվանդությունների պատճառները, դիտարկել բուժումների հարցերը, դեղորայքը հետ կապված խնդիրները, եթե դրանք առկա են, աջակցելու ենք առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին։ Բացի այդ, անշուշտ, խմբերը տալու են իրավիճակի մասնագիտական գնահատականներ»,-շեշտել էր ՊՆ խոսնակը։

-Չնայած նրան, որ ՆԱՏՕ-ն իր խաղաղապահների մեծ մասին դուրս է բերելու Աֆղանստանից մինչև 2014-ի վերջը, Հայաստանը հայտարարել է՝ շարունակելու է օժանդակություն ցուցաբերել Աֆղանստանում իրավիճակի կայունացմանը։ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի խոսքերով՝ ՀՀ խաղաղապահների առաքելությունը շարունակվելու է հիմնական գործընկեր Գերմանիայի հրամանատարության ներքո։

-Փետրվարի 13-ին Հայաստանի կառավարության հերթական նիստն էր։ Գործադիրը համաձայնություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի «Պաշտպանական համակարգեր» միջպետական ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման 2000 թվականի փետրվարի 11-ի համաձայնագրին ՀՀ միանալու համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նշենք, որ «Պաշտպանական համակարգեր» ԲԲԸ-ն միավորում է 15 ռուսաստանյան և բելառուսական ռազմարդյունաբերական ձեռնարկության։ Այս խմբի նշանակալի մշակումներից է Պեչորա-2Մ զենիթահրթիռային համալիրի արդիականացումը, Ֆենիքս օպտիկա-էլեկտրոնային կայանը և այլն։

-Հայաստանի պաշտպանության նախարարությունը փետրվարի 13-ին հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Սոչիում ընթացող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում հրադադարի ռեժիմը բազմիցս խախտելու փաստին։ Դրանում նշվում է, որ չնայած միջազգային հանրության և Մինսկի խմբի կոչերին, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը։ «Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների գործողությունները կամ չեն վերահսկվում հրամանատարության կողմից, կամ սահմանագծում իրավաճակի ապակայունացմանն ուղղված սադրանք են:»

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *