2017-ին Գերմանիան Թուրքիային 25 մլն եվրոյի զենքի վաճառքի թույլտվություն է տվել

Չնայած Գերմանիայի և Թուրքիայի միջև առկա ճգնաժամին՝ տարեսկզբից Գերմանիան Թուրքիային 25 մլն եվրո արժողությամբ ռազմական տեխնիկայի մատակարարման թույլտվություն է տվել։ 

Այս մասին Գերմանիայի Դաշնային խորհրդարանի Կանաչների կուսակցության պատգամավոր Օզջան Մութլուի հարցմանն ի պատասխան հայտնել են Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից. Սեպտեմբերի 11-ին տեղեկացնում է գերմանական Die Welt լրատվական գործակալությունը։

Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ 2017թ. հունվարից մինչև օգոստոսի վերջ ընկած ժամանակահատվածում  Գերմանիայի կառավարությունը  Թուրքիային 25,36 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ռազմական տեխնիկա արտահանելու 99 արտոնագիր է տվել։

Թուրքիայի ԶՈւ՝ գերմանական արտադրության Leopard 2 տանկը Սիրիայում

Թուրքիայի ԶՈւ՝ գերմանական արտադրության Leopard 2 տանկը Սիրիայում

Նշվում է, որ այդ ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել, քանի որ կառավարությունը 3 լրացուցիչ լիցենզիաների մասին որևէ տեղեկություն չի տրամադրել։ Նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում Գերմանիայի կառավարությունը 69,32 մլն եվրո արժողությամբ ռազմական տեխնիկա արտահանելու 158 լիցենզիա է տվել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2017 թ. գերմանական ընկերությունները Թուրքիային վաճառել են ընդհանուր առմամբ 5,6 մլն եվրո արժողությամբ զենք-զինամթերք։ Էկոնոմիկայի նախարարությունից հայտնել էին, որ 2017 թ. Թուրքիային վաճառվել է ավելի վաղ տարիներին կնքված պայմանագրերով նախատեսված սպառազինություն:

Նախարարությունից նաև նշել էին, որ 2016 թ. Գերմանիան Թուրքիային վաճառել է ընդհանուր առմամբ 49 միլիոն եվրոյի զենք և զինամթերք, իսկ 2015-ին՝ 26,5 մլն եվրոյի: Գերմանական նախարարությունից նաև հայտնել էին, որ 2017 թ. առաջին 4 ամսվա ընթացքում թույլատրվել է Թուրքիային 22 մլն եվրոյի սպառազինության վաճառք, իսկ 2016 թ. այդ ցուցանիշը կազմել է 83,9 մլն եվրո:

Հավելենք նաև, որ 2017 թ. հունիսին գերմանական Deutsche Welle լրատվական գործակալությունը  հայտնել էր գերմանական կառավարության կողմից Թուրքիային զենքի մատակարարումների նկատամամբ արգելքների սահմանման մասին:  Նշվում էր, որ միայն 2016 թ. նոյեմբերից սկսած Գերմանիայի կառավարությունը մերժել է Թուրքիային զենք վաճառելու 11 առանձին գործարք:

2017 թ. հուլիսի 20-ին գերմանական Bild լրատվական կայքը, հղում անելով պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությանը, հայտնել էր, որ Գերմանիան սառեցնում զենքի վաճառքի բոլոր, այդ թվում՝ առկա և ծրագրվող գործարքները Թուրքիայի հետ:

Այս տվյալներից պարզ է դառնում, որ Գերմանիան, չնայած Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների սրմանը, Թուրքիային զենքի վաճառքի թույտվություն, ամեն դեպքում, տալիս է: Հավելենք, որ Թուրքիան 2016-17 թթ. գերմանացի խորհրդարանականներին մի քանի անգամ թույլ չտվեց այցելել «Ինջիրլիք» ավիաբազայում գերմանական ստորաբաժանմանը, ինչից հետո Գերմանիան ստիպված եղավ իր ստորաբաժանումները Հորդանան տեղափոխել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *