Ապրիլի 9-ին Օմանի մայրաքաղաք է մեկնել Իրանի նավատորմի 2 ռազմանավ, որոնց մասնակցությամբ այսօր՝ ապրիլի 10-ին, անցկացվել է համատեղ ծովային որոնողա-փրկարարական զորավարժություն: Զորավարժությանը ներգրավվել են նաև ջրասուզակներ և ուղղաթիռներ: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:
Զորավարժությանը ներգրավվել է իրանցի նավաստիների 1000-հոգանոց անձնակազմ, որոնք Օման են ժամանել «Սաբալան» հածանավով և «Լավան» օժանդակ նավով:
Զորավարժությունը տևելու է մեկ շաբաթ: Դրա ընթացքում, որոնողա-փրկարարական գործողություններից բացի, մշակվելու են համատեղ պարեկության իրականացման, ծովում նավերի լիցքավորման, կապի հաստատման վարժանքներ:
Օմանը, ի տարբերություն տարածաշրջանային հարևան արաբական պետությունների, լավ հարաբերություններ ունի Իրանի հետ: Երկրները հաճախ են համատեղ զորավարժություններ անցկացնում միմյանց ափերի մոտ: