Ահաբեկչական խմբերի հետ կապ ունենալու մեղադրանքով Թուրքիայում ձերբակալվել է 2700 մարդ

Ապրիլի 10-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 3-10-ը Ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ ուժերը Թուրքիայի ցամաքային և ռազմաօդային ստորաբաժանումների հետ միասին «ահաբեկչական կառույցների դեմ» 456 գործողություն են իրականացրել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Դիարբեքիրի Սիլվան գավառում PKK-ի դեմ հատուկ գործողություններ են ձեռնարկվել։ Արխիվ

Դիարբեքիրի Սիլվան գավառում PKK-ի դեմ հատուկ գործողություններ են ձեռնարկվել։ Արխիվ

Գործողությունների արդյունքում «շարքից հանվել է» «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) 43 զինյալ: Գործողությունների ընթացքում «ահաբեկչական կառույցներին աջակցելու համար» ձերբակալվել է 570 մարդ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու համար՝ 77 մարդ, գյուլենական կառույցի հետ կապ ունենալու համար՝ 1963 մարդ, ձախակողմյան ահաբեկչական կառույցների դեմ պայքարում ձերբակալվել է 76 մարդ:

Այսինքն մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է մոտ 2700 մարդ: Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Ֆեթուլլա Գյուլենին և նրա կառույցին են մեղադրում Թուրքիայում 2016-ի հուլիսին հեղաշրջման փորձ իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին: Գործողություններն իրականացվում են Թուրքիայի 12 նահանգներում և գավառներում:

Ապրիլի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների 1,5 տարվա գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 9700 զինյալ:

Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները երկրի արևելքում և հարավ-արևելքում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են: Գործողությունների հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել է մինչև 500 հազար մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *