Ռուսաստանը դադարեցնում է Սիրիայի երկնքում համագործակցությունը ԱՄՆ-ի հետ

Ապրիլի 8-ից Ռուսաստանը դադարեցրել է Սիրիայի օդային տարածքում միջադեպերի կանխարգելման հուշագրով կարգավորվող հաղորդակցությունը ԱՄՆ-ի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարություն է կանչվել Ռուսաստանում ԱՄՆ ռազմական կցորդը, ում պաշտոնական նոտա է տրվել ռուսաստանյան կողմից հուշագրով սահմանված պարտավորությունների դադարեցման մասին:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային խորհրդի  անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի ԶՈւ ավիաբազային ԱՄՆ զինուժի հրթիռակոծությունը կարող է դառնալ այդ երկում ՌԴ և ԱՄՆ համագործակցության խզման պատճառ, քանի որ Միացյալ Նահանգները հարվածելուց առաջ չի կապնվել ՌԴ ղեկավարության հետ։

Խոսքը ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը Սիրիայի ԶՈւ՝ Հոմսում տեղակայված  «Շայրաթ» ավիաբազային ԱՄՆ-ի կողմից 59 միավոր թևավոր հրթիռ արձակելու մասին է: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրենք հարվածել են ի պատասխան օրերս Իդլիբում նույն կառավարական ուժերի կողմից բնակիչների դեմ քիմիական զենք օգտագործելուն։ Ավիաբազան ԱՄՆ-ի արձակած հրթիռների հետևանքով նյութական կորուստներ ունի:

Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում միջադեպերի կանխման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման վերաբերյալ հուշագիրը ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարություները ստորագրել էին 2015-ի հոկտեմբերին: Այն նպատակ ունի կանխել երկու երկրների օդային ուժերի միջև պատահարները։

Հուշագրի՝ ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ և ԱՄՆ համապատասխան գերատեսչությունների միջև ստեղծվել էր շուրջօրյա օպերատիվ կապ, երկու երկրների համատեղ գործողությունների մեխանիզմ, որն իր մեջ ներառում էր ճգնաժամային իրավիճակների առաջացման դեպքում փոխադարձ օգնությունը։

Հիշեցնենք, որ 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսել է կետային ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ դիրքերին:

Իսկ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան ձևավորվել է 2014-ին և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հիմնականում օդային գործողություններ է իրականացնում ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի տարածքներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *