Հայաստանը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցաշարի ՀՕՊ մրցույթի

2017-ին Հայաստանը կմասնակցի Ռուսաստանում «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակներում անցկացվող «Երկնքի բանալիներ» հակաօդային պաշտպանության միջազգային մրցույթին: Մրցույթին մասնակցում են Չինաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Իրանը և Ալժիրը։ Վերջին երկուսը, ինչպես նաև Հայաստանը, կմասնակցեն առաջին անգամ։

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Ս-300ՊՍ ՀՕՊ համակարգ. ՀՀ զինված ուժեր

Այս մասին «Էխո Մոսկվա» ռադիոկայանի եթերում հայտնել է ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, հակաօդային և հակահրթիռայնին պաշտպանության ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Վիկտոր Գումենին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Գեներալի խոսքով՝ այս պահին ընթանում են մրցույթի նախապատրաստական աշխատանքները։ Մրցույթի ընթացքում որոշվելու են Ս-400, Ս-300ՊՄ, Ս-300ՊՍ զենիթահրթիռային համալիրներին, «Պանցիր-Ս1» զենիթահրթիռային հրանոթային համալիրի մարտական մեքենաներին տիրապետող լավագույն անձնակազմները։

«Միջազգային բանակային խաղերը» անցկացվում է 2015 թվականից, սակայն «խաղերի» շրջանակներում անցկացվող մրցույթների մի մասը, այդ թվում՝ «տանկային բիաթլոնը», առանձին ձևաչափով անցկացվում էին նաև մինչ այդ:

Հայաստանը մասնակցել է բոլոր տարիներին և մասնավորապես 2014-ին գրավել է «Տանկային բիաթլոնի» երկրորդ տեղը և որպես մրցանակ ստացել Տ-90Ս տանկ, որն էլ Հայաստան է տեղափոխվել 2016թ. ապրիլին: 2016-ին Հայաստանը մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2016» միջոցառման շրջանակում անցկացվելող «Տանկային բիաթլոն», «Զորային հետախուզության գերազանցիկներ» մրցույթներին։ Մրցույթների ժամանակ Հայաստանի մրցակիցներն են եղել մի շարք երկրների հավաքականներ, այդ թվում նաև Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *