Մեկնարկել են Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի նռնակաձիգների դաշտային հավաքները: Ներգրավված է շուրջ 200 զինծառայող: Մինչ վարժանքների դաշտային փուլը «Ալագյազ» զորավարժարանում նռնակաձիգների հետ մեկ ամիս կրակային պատրաստություն է անցկացվել ՌՊԳ-7 և ԱԳՍ-17 նռնականետներով: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Նախնական պատրաստության ընթացքում զինծառայողները սովորել էին հետախուզություն անցկացնել, տարբերակել թիրախների տեսակները և տարբեր դիրքերից հրաձգություն անցկացնել:
Այժմ դաշտային պարապմունքների ընթացքում նրանք կկիրառեն հիմնական հմտությունները անծանոթ տեղանքներում՝ նռնակներով խոցելով պայմանական հակառակորդի զրահատեխնիկային նմանակող թիրախները:
Զինծառայողները ՎՕԳ-17 նռնակներով կկրակեն հակառակորդի կենդանի ուժի ուղղությամբ մինչև 2 հազար մետր հեռավորության վրա:
Առաջադրանքների կատարման ընթացքում կծախսվի ավելի քան 3 հազար միավոր զինամթերք: Վարժանքների ավարտին զինծառայողները կհանձնեն կրակային և հատուկ մարտավարական պատրաստության նորմատիվներ: