Ապրիլի 6-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների 1,5 տարվա գործողությունների ընթացքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 9700 զինյալ: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության 5-րդ բրիգադը և ՌԾՈւ ստորաբաժանումները համատեղ գործողություններ են իրականացնում PKK-ի դեմ:
Ֆիքրի Ըշըքը հայտնել է նաև, որ PKK դեմ գործողությունների շրջանում առաջին անգամ է, որ Թուրքիայի զինուժը գործողությունները շարունակել է նաև ձմռան ամիսներին: Ըստ նրա՝ մինչ այժմ Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացրել հիմնականում ամռան և գարնան ամիսներին:
Ավելի վաղ՝ 2017-ի մարտին, հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը ներգրավված են եղել Թուրքիայի ուժայինների դեմ պայքարում:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին Թուրքիայի ՆԳ նախարարությունը հայտարարել է երկրի հարավարևելյան և արևելյան մի շարք նահանգներում PKK դեմ գործողությունների նոր շրջան սկսելու մասին: Գործողություններն իրականացվում են Թուրքիայի 12 նահանգներում և գավառներում:
Բացի Թուրքիայի տարածքում գործողություններ իրականացնելուց, Թուրքիայի օդուժը վերջին շրջանում հաճախ է հարվածում PKK-ի դիրքերին Իրաքի հյուսիսային մի քանի շրջաններում: Ապրիլի 6-ին Թուրքիայի օդուժը հարվածել է քրդական կառույցին Իրաքի Քանդիլ շրջանում, ոչնչացվել է PKK-ի 5 թիրախ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:
Բացի այդ, ապրիլի 6-ին թուրքական իշխանամետ լրատվամիջոցներից մեկը հայտնել է, որ ապրիլի 16-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո թուրքական զինուժը հնարավոր է ներխուժի Իրաքի տարածք: Ըստ այդ տեղեկությունների՝ Սիրիայում «Եփրատի վահանն» ավարտելուց հետո Թուրքիան մտադիր է «Տիգրիսի վահան» ռազմագործողություն սկսել Իրաքի Սինջարի լեռներում:
Թուրքիայի ուժայինների և քրդերի միջև բախումները երկրի արևելքում և հարավ-արևելքում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Թուրքիայի այդ հատվածներում ռազմական գործողությունների հետևանքով մեծ նյութական վնասներ են առաջացել, հազարավոր կառույցներ ոչնչացել են: Գործողությունների հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել է մինչև 500 հազար մարդ: