Զորացրված 450 ուսանողի կտրվի ուսման հավելյալ 20 տոկոս զեղչ

ՀՀ ՊՆ և ՀԵՀ ծրագրի շրջանակներում 2016 թ. ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահության մեջ ընդգրկված և արդեն զորացրված մոտ 450 զինծառայողներ, ովքեր բուհերի կողմից ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ, կստանան լրացուցիչ 20 տոկոս զեղչ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարը և ուսանողները՝ զորացրվածների ուսման զեղչի հավաստագրերը հանձնելու միջոցառմանը

ՀՀ պաշտպանության նախարարը և ուսանողները՝ զորացրվածների ուսման զեղչի հավաստագրերը հանձնելու միջոցառմանը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ապրիլի 5-ին այցելել է Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ուսման վարձի լրացուցիչ զեղչի հավաստագրեր է հանձնել ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ուսանողների մի մասին:

Ուսանողների հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը նշել է, որ ապրիլյան մարտական գործողություններից հետո լայնորեն քննարկվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված և մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին տրամադրվող ուսման վարձի փոխհատուցումների տարբերության հարցը:

«Մենք անհրաժեշտ համարեցինք անհատական արձագանքել բոլոր դեպքերին: ՀՀ զինկոմիսարիատների և պաշտպանության նախարարությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է ավելի քան 500 զանգ: Յուրաքանչյուր դեպք ուսումնասիրելուց հետո ընդամենը 5 զինվորական գրքույկում է հայտնաբերվել անճշտություն»,- ասել է նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ անկախ զինվորական գրքույկում ամրագրված կարգավիճակից՝ ապրիլյան օրերին մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում ծառայած ուսանողները կունենան նույն հնարավորությունները, ինչ մարտական գործողություններին մասնակցած ուսանողները:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է նաև ուսանողների հարցերին:

Ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ` ՀՀ կառավարության և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *