Հաստատվել է ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում տագնապի ազդարարման կարգը

Հայաստանի կառավարությունն այսօր ընդունել է որոշում, ըստ որի՝ Հայաստանում արտակարգ դրության կամ Հայաստանի վրա զինված հարձակման դեպքում տագնապ հայտարարելու համար օգտագործվելու են կապի բոլոր միջոցները՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց և հեռախոսային հաղորդակցություն, ինչպես նաև ստացիոնար և շարժական վերարտադրիչներ: Այս մասին հայտնում է «Այսօր» լրատվակայքը:

Որոշումը կարգավորելու է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման  կազմա­կերպման գործընթացները:

Կառավարության որոշման համաձայն՝ ազդարարման ազդանշանները տրվում են հետևյալ դեպքերում.

  • «Օդային տագնապ» ազդանշանը՝ Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման դեպքում.
  • «Ուշադրություն բոլորին» ազդանշանը՝ արտակարգ իրավիճակի առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և դրա անմիջական վտանգի առկայության, Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակման ավարտի դեպքերում:

«Օդային տագնապ» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է ընդհատվող (տատանվող) ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ բարձրախոսներով տրվում է «Օդային տագնապ: Պատսպարվել պաշտպանական կառույցներում» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն: «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում.

  1. Պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպությունները պետք է կազմակերպեն ենթակա մարմնի և նրա ստորաբաժանումների անձնակազմի, իսկ պետական կառավարման տարածքային մարմիններն ու տեղական ինքնակառավարման մարմինները` համապատասխան մարզի և համայնքի բնակչության պատսպարումը պաշտպանական կառույցներում.
  2. Բնակչությունը պետք է պատսպարվի պաշտպանական կառույցներում:

«Ուշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում էլեկտրաշչակների միջոցով տրվում է չընդհատվող ձայնային ազդանշան (2-3 րոպե տևողությամբ), միաժամանակ ազդարարման միջոցներով տրվում է «ՈՒշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին …………..» բովանդակությամբ համապատասխան հաղորդագրություն: «ՈՒշադրություն բոլորին» ազդանշանի դեպքում.

  1. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները, արտակարգ իրավիճակների հանձնաժողովները, տարահանման հանձնաժողովները, քաղաքացիական պաշտպանության ծառայությունները, շտաբները, կազմավորումները, զորահավաքային մարմինները, ինչպես նաև փրկարար ուժերը պետք է հաղորդագրության համաձայն կատարեն համապատասխան պլաններով, ծրագրերով, հրահանգներով, պայմանագրերով և այլ փաստաթղթերով նախատեսված միջոցառումներ.
  2. Բնակչությանն առաջարկվում է հետևել բարձրախոսային սարքերով, հեռուստացույցով, ռադիոյով, հեռախոսակապով և համացանցային կապով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին), պետական կառավարման տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրվող հաղորդագրություններին:

2 responses to “Հաստատվել է ՀՀ-ի վրա զինված հարձակման դեպքում տագնապի ազդարարման կարգը

Մեկնաբանել Նուբար ԱսլանյանՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *