Թուրքիայում Գերմանիային պատկանող «Փեթրիոտ» հրթիռային համակարգերը տեղադրելու շուրջ բանակցությունները այնքան էլ հարթ չեն անցնում, հայտնել է Ռոյթերս գործակալությանը բանակցային գործընթացի հետ կապված աղբյուրը:
Թուրքիան ՆԱՏՕ-ից ամբողջ Թուքիա-Սիրիա սահմանի 910կմ երկայնքով և 50կմ խորությամբ պաշտպանություն է պահանջում: Գերմանիան թուրքերին փորձում է համոզել, որպեսզի նրանք պահանջվող համակարգերի քանակը նվազեցնեն: Գերմանացի պաշտոնյաները ասել են, որ իմաստ չունի սահմանի ամբողջ երկայնքով պաշտպանության համակարգ ստեղծելը, հաղորդում է աղբյուրը:
Ըստ թուրքական պահանջի, նրանց հարկավոր է առնվազն 15 համակարգ: Աղբյուրը տեղեկացնում է, որ Գերմանիան այդքան համակարգեր չի կարող տրամադրել: Հոլանդիան, որը ևս կարող էր Թուրքիային համակարգեր տրամադրել, էլ ավելի քիչ համակարգեր ունի:
Թուրքիայի արտգործ նախարարության պաշտոնյան հրաժարվել է մեկնաբանել, իսկ Թուրքիայի գլխավոր շտաբից չեն պատասխանել Ռոյթերսի զանգերին:
Հրթիռների տեղակայման վերջնական որոշումը, հնարավոր է, արվի դեկտեմբերի 4-5 Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ արտգործ նախարարների հանդիպման ժամանակ:
«Փեթրիոտ» համակարգը ունի պաշտպանության 20-160 կմ շառավիղ։ Ամեն համակարգի սպասարկման համար հարկավոր է 70-90 զինծառայող:
Ավելի վաղ հայտնվել է այն մասին, որ գերմանական կողմն տրամադրելու է նաև սպասարկող անձնակազմը։