ՄԱԿ-ի ականազերծման հարցերով զբաղվող ծառայության (UNMAS) տնօրենը հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի ամբողջ տարածքը ականներից և պայթուցիկ նյութերից մաքրելը կարող է տևել մինչև 40-50 տարի: Փոխանցում է ամերիկյան The Washington Post պարբերականի կայքը:
«Սիրիայի և Իրաքի տարածքը ականազերծելու համար մենք մի քանի տասնամյակ աշխատանք պետք է իրականացնենք: Այժմ այդ երկրների տարածքը նման է Եվրոպական երկրների տարածքին Երկրորդ համաշխարահային պատերազմից հետո», — ասել է ՄԱԿ-ի ականզերծման ծառայության տնօրեն Ագնես Մարկաիուն:
Նա նշել է, որ այդ երկրների ականազերծման համար ֆինանանսական շատ միջոցներն են պահանջվում: Ըստ նրա՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Իրաքի ազատագրված տարածքների ականազերծման համար տարեկան 170-180 միլիոն ամերիկյան դոլար անհրաժեշտ կլինի: ՄԱԿ-ի ներկայացուցիչը նաև նշել է, որ միայն Մոսուլ քաղաքի ականազերծման աշխատանքների համար ծախսվելու է տարեկան մոտավորապես 50 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Իրաքի կառավարական ուժերը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օգնությամբ սկսել են Մոսուլ քաղաքի ազատագրումը դեռևս 2016-ի հոկտեմբերի 17-ից: Վերջին շրջանում ԻՊ զինյալները կորուստներ են տալիս Իրաքում: 2017-ի մարտի 13-ի դրությամբ Իրաքի կառավարական ուժերը ԻՊ զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի մոտ 75 տոկոսը:

2017-ի մարտի 13-ի դրությամբ իրադրությունը Իրաքի Մոսուլ քաղաքում: Քարտեզում կանաչով ներկվածները Իրաքի բանակի ազատագրած տարածքներն են
Մարտի 14-ին Իրաքի կառավարական ուժերը հայտարարել են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են Մոսուլ քաղաքի գնացքի կայարանը, որը Իրաքի երկաթուղային կարևոր հանգույցներից մեկն է, մինչև այդ էլ ազատագրել էին նաև Մոսուլ քաղաքի արևմտյան հատվածի գլխավոր կառավարական համալիրները և մի քանի այլ կառույցներ:
«Իսլամական պետությունը» ծանր կացության մեջ է հայտնվել նաև Սիրիայում: Մասնավորապես ներկայում ԻՊ զինյալների վերահսկողության տակ եղած մեծ քաղաքներից միայն Ռաքքան է մնացել: