Այսօր՝ ապրիլի 5-ին, Թուրքիայի ՌԾՈւ նավերը ավարտել են երկօրյա ոչ պաշտոնական այցը Նովոռոսիյսկ, ինչից հետո կայացել են ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի հետ համատեղ վարժանքներ:
Այս մասին հայտնում է Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը. փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը (1,2):
Նշվում է, որ անցկացվել են «երկկողմ ռազմածովային PASSEX վարժանքներ»: Նշենք, որ PASSEX-ը ԱՄՆ նավատորմային տերմինը է և վերաբերում է պատերազմի կամ հումանիտար աղետների ժամանակ նավատորմների միջև համագործակցության և հաղորդակցության ապահովմանն ուղղված վարժանքներին:
«Բարբարոս» ֆրեգատից և «Բյույուկադա» կորվետից կազմված Թուրքիայի ՌԾՈւ նավախումբը ծովակալ Վեյսել Քոսելի գլխավորությամբ Նովոռոսիյսկ էր ժամանել ապրիլի 3-ին:
Այցի շրջանակներում թուրքական նավախմբի ներկայացուցիչները հանդիպել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հրամանատարության հետ, ինչպես նաև այցելել են ՌԴ ԶՈւ Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ:

Թուրքիայի ՌԾՈւ սպաները ադմիրալ Վեյսել Քոսելի գլխավորությամբ այցելել են Սեվծովյան նավատորմի «Ադմիրալ Գրիգորովիչ» ֆրեգատ:
Թուրքիայի ՌԾՈւ նավերի այցը Նովորոսիյսկ կայացել է մարտի 27-ից մեկնարկած ռազմածովային ուժերի «Ծովային աստղ-2017» (Deniz Yıldızı-2017) զորավարժության շրջանակներում, որով զորավարժությանը մասնակցող նավերը պետք է այցելեն նաև Վրաստանի Բաթումի, Ուկրաինայի Օդեսսա, Ռումինիայի Կոստանցա և Բուլղարիայի Վառնա նավահանգիստներ: