Սաուդյան Արաբիայի թագավորն ընդունել է Ադրբեջանի ՊՆ ղեկավարին

Ապրիլի 5-ին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդուլազիզ Սաուդն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին: Նույն օրը Հասանովին ընդունել է նաև Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Սալման բըն Աբդուլազիզը:  Այս մասին հայտնում է Սաուդյան Արաբիայի SPA պետական գործակալությունը (1, 2):

 Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդուլազիզը և Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Աբդուլազիզը և Ադրբեջանի ՊՆ ղեկավար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը

Համաձայն սաուդական կողմի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը և Սաուդյան արաբիայի թագավորը քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում՝ պաշտպանական ոլորտում:

Նույնատիպ հաղորդագրությամբ բնութագրվում է նաև երկու երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը: Բացառություն է միայն այն արտահայտությունը, որ կողմերը քննարկել են նաև «պաշտպանական համագործակցության զարգացման հնարավորությունները»:

Անդրադառնալով այս հանդիպումներին՝ արաբագետ Արմեն Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանի ՊՆ ղեկավարին նման բարձր մակարդակով կազմակերպված ընդունելությունը իրականում ավելի շատ քաղաքական՝ քան ռազմական բաղադրիչ է պարունակում:

«Առնվազն վերջին 20 տարիների ընթացքում Ադրբեջանի և Սաքուդյան Արաբիայի միջև, հատկապես ռազմական տեանկյունից, նման մակարդակի հարաբերություններ չեն եղել, առավել ևս՝ պաշտպանության նախարարին նման ընդունելության արժանացնել: Այստեղ, հետևրեբար, կարևոր է քաղաքական կողմը: [Որպես նմանատիպ հանդիպման] որոշ բաղադրիչ կարելի է դիտարկել նաև Սաուդյան Արաբիա – Իրան հակամարտությունը»:

Մինչև օրս ռազմական համագործակցության մասին որևէ փաստ հայտնի չէ: Նշենք նաև, որ Սաուդյան Արաբիան ինքը զենք ներկրող երկիր է և որպես այդպիսին զարգացած ռազմարդյունաբերություն չունի: Սակայն կողմերը 2013 թ. կնքել են «ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համագործակցության համաձայնագիր»: Չնայած մինչ օրս այս ոլորտում երկու երկրների առարկայական համագործակցության փաստեր ևս հայտնի չեն:

Ըստ արաբագետի՝ այստեղ հիմնական խնդիրը Սաուդյան Արաբիա – Իրան հակամարտությունն է սաուդների, և Իրանի հետ ունեցած խնդիրները՝ Ադրբեջանի տեսանկյունից.

«[երկուսն էլ՝ Ադրբեջանը և Իրանը] Լինելով շիայական երկիր՝ առնվազն կրոնադավանական առումով լուրջ հակասություններ կան Իրանի և Ադրբեջանի միջև: Այս գործոնը փորձում է օգտագործել Սաուդյան Արաբիան՝ ավելի ուժեղացնելով սուննիական ճակատի դիրքերը շիայական ճակատում: Հենց նման գործընթացի ենք այսօր ականատես լինում, որի ձևական կողմերից մեկն էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարին նման ընդունելության արժանացնելն է»:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Սալման բըն Աբդուլազիզը և Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար Մոհամեդ Սալման բըն Աբդուլազիզը և Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը

Ավելացնենք, որ  2015 թ. դեկտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիան հայտնել էր 34 այլ իսլամադավան երկրների հետ ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով կոալիցիա էին ստեղծելու մասին: Ռազմական գործողությունները համակարգելու համար միացյալ շտաբը տեղեկայվել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում: Սակայն նշված կոալիցիան մինչ օրս ԻՊ դեմ որևէ ռազմագործողություն չի իրականացրել:

Ըստ արաբագետ Պետրոսյանի՝ այս կոալիցիան ավելի շատ ուղղված էր Եմենում շիա հութիների դեմ պայքարում Սաուդյան Արաբիայի կշիռը բարձրացնելուն:

Հնարավոր է, որ կողմերը քննարկել են այս կոալիցիային Ադրբեջանի ներգրավվելու հնարավորությունները ևս: Հաշվի առնենք նաև այն, որ մինչ այս բազմիցս եղել են նմանատիպ խոսակցություներ, սակայն ադրբեջանական կողմը հերքում էր դեպքերի նման զարգացման հնարավորությունը:

Արաբագետ Պետրոսյանն անդրադարձավ նաև Իսրայել-Ադրբեջան հարաբերություններին և այդ համատեքստում Սաուդյան Արաբիայի որդեգրած դիրքորոշմանը: Արաբագետը նշեց, որ թեև սաուդական կողմը չի խրախուսում Իսրայելի հետ հարաբերությունները,ս ակայն 2010-ական թթ. սկսած աշխարհաքաղաքական զարգացումները բերել են նրան, որ ներակյում Սաուդյան Արաբիայի համար ավելի առանցքային է Իրանի, քան Իսրայելի հետ հակամարտությունը՝ կախված պաղեստինյան հիմնահարցի հետ:

Ավելացնենք, որ ապրիլի 5-ի ադրբեջանա-սաուդական հանդիպումներին մասնակցել են նաև Սաուդյան Արաբիայի ՊՆ և ԶՈւ գլխավոր շտապի պետի տեղակալները, միջազգային համագործակցության բաժնի պետը: Ադրբեջանական կողմից հանդիպմանը ներկա է եղել նաև ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *