ԱՄՆ Սենատը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը

ԱՄՆ Սենատը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին օրինագծի գործարկումը, որպեսզի դրանք չազդեն մայիսին Իրանում կայանալիք նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։
Մտավախություն կա, որ նոր պատժամիջոցները կարող են ազդել չափավորական Հասան Ռոհանիի դիրքերի վրա և ամրապնդել պահպանողականների դիրքերը։

Մայիսի 19-ին Իրանում կայանալու են նախագահական ընտրություններ, և իր թեկնածությունն է առաջադրել երկրի գործող նախագահ բարեփոխական համարվող Հասան Ռոհանին։ Պահպանողականները դեռևս չեն առաջադրել իրենց թեկնածուին։

Հավելենք նաև, որ Իրանի և ԱՄՆ հարաբերությունները հատկապես լարվել են, և ՄԱԿ-ի ու ԱՄՆ կողմից  Իրանի նկատմամբ  պատժամիջոցները խստացվել են պահպանողական նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կառավարման տարիներին։ Իսկ Հասան Ռոհանիի կառավարման տարիները կարևորվեցին միջուկային համաձայնագրի ձեռքբերումով և պատժամիջոցների մեղմացումով, որոնք էլ կարող են նպաստել Հասան Ռոհանիի վերընտրմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Սենատի քննարկմանն էր ներկայացվել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Օրինագծով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր որևէ մասնակցություն ունեն են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրերում, ինչպես նաև  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)  դեմ, քանի որ վերջինս «աջակցում է ահաբեկիչներին»։

Այնուհետև ԱՄՆ-ն հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանում 10 երկրների 30 ընկերության և ֆիզիկական անձի նկատմամբ։

Մասնավորապես Հյուսիսային Կորեայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների 11 ընկերություններ մեղադրվում են Իրանին այնպիսի տեխնոլոգիաներ մատակարարելու համար, որոնք կարող  են զարգացնել Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը։

Մնացած 19 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Իրանում, Հյուսիսային Կորեայում և Սիրիայում զենքի չտարածման մասին օրենքի այլ խախտումների համար։

Ի պատասխան այս պատժամիջոցների՝ Իրանը պատժամիջոցներ սահմանեց ամերիկյան 15 ընկերության նկատմամբ։

Պատժամիջոցներ են սահմանվել United Technologies, Raytheon, ITT Corporation, Re/Max Real Estate, Oshkosh Corporation, Magnum Research Inc և այլ ընկերությունների նկատմամբ։ Արգելվել է ընկերությունների հետ որևէ գործարքի իրականացումը։ Ընկերությունների ակտիվները առգրավվելու են, իսկ նրանց ներկայացուցիչներին իրանական վիզա չի տրվելու։

Ավելի վաղ ԱՄՆ-ն «ահաբեկիչներին օգնելու, մարդու իրավունքները խախտելու և բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար» նոր պատժամիջոցներ էր սահմանալ Իրանում, Լիբանանում, Չինաստանում, ԱՄԷ-ում տեղակայված 12 ընկերության և 13 քաղաքացիական անձի նկատմամբ։

Մինչ այդ  Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որի առնչությամբ հունվարի 31-ին  ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում անցկացրեց։ Քննարկմանը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարումը  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի խախտում էր համարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն համապատասխան ձևով կարձագանքի։

Ըստ Իրանի՝  երկրի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է և չի հակասում  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին, քանի որ հրթիռները միջուկային մարտագլխիկներ չեն կրելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *