Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետևանքով սպանվել է շուրջ 60 մարդ

Նվազագույնը 58 մարդ է սպանվել Սիրիայի հյուսիսարևմուտքում ընդդիմադիր ուժերի վերահսկած Խան Շեյխուն քաղաքում քիմիական գազի կիրառման հետևանքով: Այս մասին հայտնում է BBC լրատվակայքը՝ հղում անելով  «Սիրիայում մարդու իրավունքների դիտարան» (Syrian Observatory for Human Rights) բրիտանական կազմակերպությանը:

Ըստ կազմակերպության՝ ավիահարվածները ամենայն հավանականությամբ իրականացրել է Սիրիայի կառավարական բանակը:

Reuters գործակալությունը փոխանցում է, որ Սիրիայում ռազմական աղբյուրը կտրականապես հերքել է, որ կառավարական բանակը նմանատիպ զենք է կիրառել: Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ ապրիլի 4-ին շրջանում հարվածներ չի իրականացրել:

Նշենք, որ 2013-ի հոկտեմբերից Սիրիան անդամակցել է քիմիական զենքի կիրառումն արգելող Կոնվենցիային, որին հետևել էր երկրի տարածքում առկա քիմիական զենքի պաշարների հայտարարագրումը։ Համաձայն այդ տվյալների՝ Սիրիան ուներ շուրջ 1300 տոննա քիմիական զենք, որը պարտավորվել էր ոչնչացնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *