Հրետանային զորավարժությանը ներգրավված են Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները՝ զինված իրենց հաստիքային հրթիռահրետանային սպառազինությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորավարժությանը կիրառվելու են ՝ «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններ, «Գվոզդիկա» ինքնագնաց հրետանային համակարգեր, «Կոնկուրս» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրներ և 82 մմ «Պոդնոս» ականանետներ:
Մինչ բուն զորավարժությունը դրա մասնակիցները կատարել են հրետանու հետախուզության, թիրախների հայտնաբերման, կոորդինատների որոշման և այլ անհատական և խմբային վարժանքներ: Իսկ բուն զորավարժությանը ներգրավված է մոտ 300 զինծառայող և մոտ 100 միավոր զինտեխնիկա:
Հրթիռահրետանային ստորաբաժանումներն այս զորավարժության ժամանակ վարժվելու են նաև եղանակի արագ փոփոխման պայմաններում հրետանու համապատասխան հաշվարկներ իրականացնելու գործում:
Զորավարժությունն անցկացվում է Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի՝ ձմեռային ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ անցկացվող ստուգումների շրջանակում: Նույնպիսի ստուգումներ ու վարժանքներ ներկայում կատարվում են նաև Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի (սրա մեջ է մտնում 102-րդ ռազմաբազան) մյուս զորամասերում և միավորումներում:
Մասնավորապես նմանատիպ վարժանքներ են անցկացնում նաև Ստավրոպոլում տեղակայված համազորային բանակի հրետանային ստորաբաժանումները: Դրանց մասնակցում է մոտ 2000 զինծառայող: