Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի ավիացիան առանց վայրէջքների թռիչք կիրականցնի դեպի արևելյան ռազմական շրջանի զորավարժարաններ՝ մասնակցելու այնտեղ անցկացող զորավարժությանը։ Թռիչքի ընթացքում ավիացիան 3 անգամ կլիցքավորվի օդում։ Առաջին լիցքավորումից հետո ավիացիան հարվածներ կհասցնի պայմանական հակառակորդին։
Այս մասին հայտարարել է 4-րդ ավիացիոն և ՀՕՊ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սեվաստյանովը։ Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Մենք պետք է սովորեցնենք մեր օդաչուական կազմին, որ մարտական կիրառություն պետք է իրականացվի վեց-յոթ անգամ ութժամյա թռիչքից հետո։ Օդային լիցքավորումներով երկարատև թռիչքներ իրականցրել ենք, սակայն մարտական կիրառություն չի եղել, մենք այն առաջին անգամ ենք իրականացնում», — ասել է Սեվաստյանովը։
Հարավային ռազմական շրջանից զորավարժությանը ներգրավվելու է շուրջ 300 զինծառայող, ավելի քան 200 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, ինչպես նաև 40 ինքնաթիռ և ուղղաթիռ՝ այդ թվում Սու-30Մ2, Սու-27ՍՄ3, ՍՈւ-30ՍՄ, ՍՈւ-34 ինքնաթիռներ և Մի-8ՄՏՊՌ ուղղաթիռ։
Նշենք, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանն ընդգրկում է Սև և Կասպից ծովերի միջակայքի ռուսաստանյան տարածքում, Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, ինչպես նաև Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ զորամասերը: Այս միավորման ենթակայության տակ են նաև Սիրիայում գործող ռուսաստանյան ստորաբաժանումները: