Հարավային Օսիայի ԶՈւ ստորաբաժանումները կմտնեն ՌԴ ԶՈւ կազմի մեջ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Իբրահիմ Գասեևը ստորագրել են միջպետական համաձայնագիր՝ հարավօսական զինված ուժերի առանձին ստորաբաժանումների՝ ՌԴ ԶՈւ ենթակայության տակ անցնելու մասին։

Այս մասին մարտի 31-ին տեղեկացնում է Ռուսաստանի ՊՆ կայքը։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Իբրահիմ Գասեևը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Հարավային Օսիայի պաշտպանության նախարար Իբրահիմ Գասեևը

Ավելի վաղ Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թիբիլովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև ստորագրվելիք համաձայնագրի շրջանակներում Հարավային Օսիայի 150 զինծառայող կհամալրի ՌԴ ԶՈւ շարքերը։ Զինծառայողները ծառայությունը կիրականացնեն Օսիայի տարածքում, սակայն ՌԴ ԶՈւ 4-րդ գվարդիական ռազմաբազայի կազմում։

Մեզ հետ զրույցում վրաստանցի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսաիան, սակայն, նշել էր, որ հարավօսական տարածքում ներկայում տեղակայված ռուսական ռազմաբազան ավելի մեծաթիվ է, քան բուն հարավօսական բանակը:

«Պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունները միացված են իրար: Դրանց կազմում կա 3500 հոգի: Դրան գումարած՝ այդ կազմի մեջ են մտնում նաև պետանվտանգության կոմիտեի ուժերը, որոնք գործում են դեռևս ԽՍՀՄ տարիներից: Նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո այս կառույցը չի փոխել իր կառուցվածքը. Այստեղ կա մոտ 1000 հոգի»:

Հիշեցնենք, որ մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել կառավարության առաջարկած նախագծին, որով նախատեսվում է Հարավային Օսիայի հետ կնքել համաձայնագիր հարավօսական զինված ուժերի ստորաբաժանումների ՝ Ռուսաստանի զինված ուժերի ենթակայության տակ անցնելու մասին:

Համաձայնագրի նախագծում նշվում է, որ դրա կնքումից հետո եռամսյա ժամկետում Հարավային Օսիայի զինված ուժերի՝ «խաղաղ ժամանակ գործող» (գործնականում բոլոր — խմբ) ստորաբաժանումներում ծառայող անձնակազմը դուրս է գալու ծառայությունից և պայմանագրային ծառայության անցնի Հարավային Օսիայի տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *