Ռուսաստանի վարչապետ Մեդվեդևը «անընդունելի» է համարում Ֆրանսիայի և այլ երկրների կողմից «Սիրիայի ազգային կոալիցիան» որպես Սիրիայի ժողովրդի միակ ներկայացուցիչ ճանաչելը, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»:
Հիշեցնենք որ կոալիցիան ճանաչել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Արաբական թերակղզու երկրները և՝ որոշ վերապահումներով, Եվրոպական Միությունը:
«Ֆրանս Պրես»-ի հետ հարցազրույցում Մեդվեդևը ասել է. «Միջազգային օրենքի տեսանկյունից, սա բացարձակապես անընդունելի է: Ես ձեզ հիշեցնում եմ, որ միջազգային իրավական սկզբունքներին համաձայն, որևէ պետություն չի կարող միջոցներ ձեռնարկել մեկ այլ պետությունում բռնի ուժով կառավարություն փոխելու համար»:
Մեդվեդևը ավելացրել է, որ Ռուսաստանը հակամարտությունում կողմնակալություն չի անում. «Մենք չեզոք դիրք ունենք», – ասել է նա:
Այսօր Մեդվեդևը 2-օրյա աշխատանքային այցով մեկնելու է Փարիզ, որտեղ հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Այրոնի և նախագահ Ֆրանսու Օլանդի հետ: