Նախորդ շաբաթն այնքան էլ հարուստ չէր ռազմական կարևոր իրադարձություններով։ Դրանք էին.
- Աշնանային զորակոչի մեկնարկը։
- ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի հայտարարությունը։
- Բակո Սահակյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների հետ։
- Նոյեմբերի 22-ը Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է։
- Նոյեմբերի 25-ը Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։
1. Նոյեմբերի 19-ին մեկնարկեց աշնանային զորակոչը: Այդ օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչների, զորակոչիկների ծնողների ու հարազատների հետ մասնակցեց 2012 թվականի աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող առաջին նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությանը: Հիշեցնենք նաև, որ զորակոչի նախօրեին Սեյրան Օհանյանը ընդարձակ հարցազրույց էր տվել Հանրային հեռուստատեսությանը, որտեղ անդրադարձել էր նաև զորակոչում սպասվող մի շարք նորությունների։
2. Օրերս ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար ՆԻկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը մտադիր չէ օգտագործել իր ուժային պոտենցիալը՝ կազմակերպության անդամ-պետությունների ներքաղաքական իրադրությանը միջամտելու համար:
3. Նոյեմբերի 22-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր: Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն նաև Երևանում և Բաքվում :
4. Նոյեմբերի 22-ը Արցախյան ազատամարտի հերոս, ռազմական գործիչ, «Անկախության բանակի» հիմնադիր, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրն է:
5. Նոյեմբերի 25-ին Արցախյան ազատամարտի մեկ այլ նվիրյալի` Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է։
Հպանցիկ անդրադառնանք նաև հարևան Ադրբեջանում տեղի ունեցած որոշ իրադարձությունների.
- Նոյեմբերի 19-ին և 21-ին մի քանի ադրբեջանցի զինծառայողներ էին պայթել ականների վրա։
- Նոյեմբերի 19-ին Ադրբեջանում զինծառայողների մասնակցությամբ նաև ավտովթարի դեպք էր գրացնվել։
- Ադրբեջանական «Դոկտրին» հետազոտական կենտրոնը հերթական ամփոփումն է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ կորուստների մասին հետազոտության արդյունքերը։
- «Մի-35Մ» ուղղաթիռների հերթական խմբաքանակը կառաքվի Ադրբեջան։
- Ներկայացվել է Ադրբեջանում ականնների պայթյունների հետ կապված դեպքերի վիճակագրությունը։
1. Նոյեմբերի 19-ին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի Մարտունու ուղղությամբ ականի վրա պայթել է ադրբեջանական բանակի զինծառայող 19-ամյա Փաշա Նեմետօղլու Մուրսալովը: Իսկ նոյեմբերի 21-ին հայ-ադրբեջանական շփման գծի մեկ այլ հատվածում` Մարտակերտի ուղղությամբ, ականի պայթյունի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ են ստացել և զինվորական հոսպիտալ տեղափոխվել ադրբեջանական բանակի զինծառայողներ 19-ամյա Ջամիլ Վեյսյալօղլու Մամեդովը և նրա հասակակից Չինգիզխան Սեվգիհանօղլու Ջարասովը:
2. Նոյեմբերի 19-ին 20:15-ի սահմաններում Բաքվում վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել ադրբեջանական բանակի զինծառայողներ Ալի Խալիլովը և Էլշան Ադիգոզելովը:
3. Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի ռազմական լրագրողական հետազոտությունների «Դոկտրին» կենտրոնը հրապարակել է հերթական դիտարկման արդյունքները, որոնց համաձայն՝ ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈՒ-ում 87 մարդ մահացել է, 79-ը՝ վիրավորվել:
4. Նոյեմբերի 22-ին հայտնի է դարձել, որ «Ռոստվերտոլ» ընկերությունն ավարտել է «Մի-35Մ» ուղղաթիռների ադրբեջանական պատվերի հերթական 4 մեքենաների արտադրությունը. ուղղաթիռներն առաջիկայում կառաքվեն Ադրբեջան։
5. Նոյեմբերի 23-ին ադրբեջանական APA գործակալությունը վիճակագրական տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն՝ ընթացիկ տարում հայ-ադրբեջանական շփման գծի ադրբեջանական հատվածում ականի պայթելու 15 դեպք է գրանցվել, դրանցից 11-ի դեպքում տուժել են զինծառայողներ, 4-ի՝ խաղաղ բնակիչներ: