ՀԱՊԿ-ը մտահոգված է Աֆղանստանում իրավիճակի հնարավոր սրմամբ

Նոյեմբերի 22-ին Սանկտ Պետերբեուրգում կայացել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ անդամ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել են 2014 թվականի ավարտին Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո այդ երկրում և տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրմանը վերաբերող հարցեր:

Նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Աֆղանստանի Ազգային ժողովի ստորին պալատի նախագահ Աբդուլ Սատարու Հավասին: Վերջինս իր մտահոգությունն է հայտնել 2014 թվականի ավարտին Աֆղանստանից կոալիցիոն ուժերի դուրսբերումից հետո տարածաշրջանում իրավիճակի հնարավոր վատթարացման առնչությամբ և հույս հայտնել, որ ՀԱՊԿ անդամ-երկրները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցները՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման համար:

ՌԴ Դաշնային խորհուրդի՝ անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը հայտնել է, որ նիստի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում դեպքերի հնարավոր զարգացման մի քանի սցենարներ:

Նշենք, որ ներկայումս Աֆղանստանում ծառայում է միջազգային ուժերի ավելի քան հարյուր հազար զինծառայող, որոնցից 68 հազարը՝ ամերիկյան ուժերն են: Աֆղանստանում է գտնվում նաև ՀՀ ԶՈՒ 81 հոգանոց խաղաղապահ զորախումբը: Մինչև 2014 թվականի ավարտը նախատեսված է կոլաիցիոն ուժերի դուրսբերումը Աֆղանստանից:

Նոյեմբերի 20-ին Ֆրանսիան դուրս է բերել իր զորքը Աֆղանստանի Քապիս նահանգի Նիջրաբ բազայից, որը ֆրանսիական վերջին ֆորպոստն էր մայրաքաղաք Քաբուլի սահմաններից դուրս: Մինչև ընթացիկ տարվա վերջ նախատեսված է նաև ավստրալական զորքերի դուրս բերումն այդ երկրից:

Միաժամանակ Վրաստանը հոկտեմբերին ավելացրել է Աֆղանստանում խաղաղապահ առաքելությանը մասնակցող վրացի զինծառայողների թիվը՝ նախկին 900-ի փոխարեն հասցնելով այն 1571-ի:

Աղբյուրներ՝ http://www.rg.ru/2012/11/22/bezopasnost-poln.html
http://news.mail.ru/politics/11056661/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *