Մարտի 30-ին ՝ ռուս-տաջիկական հակաահաբեկչական համատեղ զորավարժության վերջին օրը, խաղարկվել են վարչական օբյեկտների պաշտպանության և Տու-95ՄՍ ու Տու-22Մ3 ռմբակոծիչներով պայմանական հակառակորդի ճամբարի ոչնչացման գործողություններ։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը (1, 2)։
Ըստ սցենարի՝ պայմանական հակառակորդը փորձել է գրավել վարչական օբյեկտը և զինապահեստը, որը պաշտպանել են Տաջիկստանի ԶՈւ զինծառայողները։
Վերջիններս օգնություն են խնդրել ՌԴ ԶՈւ զինծառայողներից, ովքեր Տ-72 տանկով ոչնչացրել են հակառակորդի մեքենաները։ Միաժամանակ հակառակորդին հարվածներ են հասցվել նաև Սու-25 կործանիչներով։
Այնուհետև հարձակման են անցել Տաջիկստանի զինծառայողները, հակառակորդը նահանջել է վերադասավորվելու։ Հակառակորդի տեղակայման վայրի կոորդինատները փոխանցվել են հրամանատարական կետ, որտեղից հրամայել են հրետանու կիրառմամբ ոչնչացնել հակառակորդին։
Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի զինծառայողների և Տաջիկստանի ԶՈւ համատեղ զորավարժությունը մեկնարկել է մարտի 27-ին։Վարժանքներն անցկացվում են Տաջիկստանի ԶՈւ «Հարբմայդոն», «Մոմիրակ», «Մասկովսկի» և 201-րդ ռազմաբազայի «Լյաուր», «Սամբուլի» զորավարժարաններում։
Զորավարժության նախորդ օրերին Ռուսաստանի և Տաջիկստանի ԶՈւ հատուկջոկատայինները բնակելի տարածքում պայմանական ահաբեկիչների ճամբարը հայտնաբերելուց հետո, դեսանտավորվել և ոչնչացրել են այն։
Զինծառայողները մշակել են պայմանական ահաբեկիչներին հայտնաբերելու,նրանց շարժման ուղղությունը որոշելու, դիրքավորվելու, քողարկվելու, կապի հաստատման և միացյալ խմբավորումը ղեկավարելու հարցեր։