Մարտի 22-ից 25-ը Պաշտպանության բանակում անցկացված գնդային մարտավարական զորավարժությանը ներգրավվել են նաև բանակային զորատեսակներ և ստորաբաժանումները: Այս մաիսն այսօր՝ մարտի 29-ին հայտնում է ՊԲ կայքը: Ավելի վաղ զորավարժության մասին հայտնել էինք ՀՀ նախագահի՝ Արցախ այցի համատեքստում:
Զորավարժության մասին մանրամասներ է հայտնում նաև ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթը: Մասնավորապես նշվում է, որ զորավարժությունը հակահարձակողական է եղել՝ «Գնդի և ուժեղացման միջոցների բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Կենտրոնացման շրջանի զբաղեցումը: Հարձակողական մարտի վարումը եւ բարենպաստ բնագծում պաշտպանության անցումը» թեմայով:
Զորավարժությանը ներգրավվել են նաև տանկային ու հրետանային ստորաբաժանումներ: Զորավարժությունն անցկացվել է հիմնականում հարթավայրային տեղանքում, ինչի վերաբերյալ զորավարժության ղեկավար, գնդապետ Ա. Ցականյանը «Հայ Զինվորի» հետ զրույցում նշել է.
«Առանձնահատկությունները համահունչ եւ նմանատիպ են մեր զորամասի խնդրի կատարման համար նախատեսված շրջաններին ու գոտուն …Հաշվի ենք առել ապրիլյան ռազմական գործողությունների փորձը, հատկապես՝ մարտավարական քողարկման, ստորաբաժանումների ապակենտրոնացված կիրառման, հրամանատարների ինքնուրույն գործելու ունակության առումով»:
Զորավարժության մտահղացման համաձայն՝ հակառակորդը երկու ուղղություններում հարձակման է անցել, և նրա բրիգադը ճեղքել է հայկական պաշտպանական շրջանի առաջնագիծը, շարժվել է առաջ և անցել է պաշտպանության՝ սպասելով երկրորդ մարտակարգին:
Հայկական ուժերը սկզբում հրետանային նախապատրաստությամբ խոցում են թշնամու կենդանի ուժերը և տեխնիկան՝ կիրառելով «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգեր, Դ-30 հաուբիցներ, 82մմ և 120 մմ ականանետներ: «Ակացիաների», «Մետիս» հակատանկային կառավարվող հրթիռային համալիրների, ինչպես նաև նռնականետների կրակով ոչնչացվում են հակառակորդի տանկեր և այլ զորահատեխնիկա:
Զորամասի ղեկավարի հրամանով՝ ստորաբաժանումները պայթեցման միջոցով անցուղիներ են բացում հակառակորդի տեղադրած ականադաշտում: Այնուհետև հարձակման են անցնում հայկական տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները, իսկ հրետանին ոչնչացնում է անմիջապես հայկական հարձակվող ուժերի առջևում գտնվող հակառակորդին: Շուտով հայկական ստորաբաժանումները վերցնում են հակառակորդի առաջնագիծը:
Հայկական ուժերն առաջ են շարժվում դեպի հակառակորդի պաշտպանության խորքը՝ միաժամանակ կասեցնելով նրա ստորաբաժանումներից մեկի հակահարձակումը:
Հաջորդիվ գրոհի է անցնում ավիացիան և խոցում է հակառակորդի տանկերն ու այլ թիրախները, իսկ հաջորդ անցման ժամանակ՝ նաև կենդանի ուժը:
Հարձակմանը ներգրավվում է նաև հայկական ուժերի երկրորդ շարակազմը: Առաջին շարակազմն իր հերթին շարունակում է առաջխաղացումը: Հակառակորդի ստորաբաժանումները ջախջախվում են, իսկ հայկական ուժերը զբաղեցնում են բարենպաստ բնագծեր՝ պատրաստ հետագա առաջխաղացման:
Զորավարժությունից հետո աչքի ընկած զինծառայողները պարգևատրվում են ՀՀ նախագահի կողմից: