Հայաստանի ընդհանուր առմամբ 210 զինծառայողներ ավարտել են ԱՄՆ ռազմական դպրոցների տարբեր կրթական-ուսումնական ծրագրեր: ՀՀ ԱԳՆ-ում՝ ԱՄՆ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Դեսպանի խոսքի տեսագրությունը հասանելի է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում (ռազմական համագործակցության մասին՝ 15-րդ րոպեից սկսած):
Դեսպանը նաև նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ ռազմական ոլորտի համագործակցությունը ներառում է այնպիսի աշխատանքներ, որոնք ուղղված են ռազմաբժշկական կարողությունների զարգացմանը, պաշտպանական բարեփոխումների իրականացմանը:
Դեսպան Միլսի խոսքով՝ Հայաստանի զինված ուժերին Միացյալ Նահանգների կողմից տրամադրվել են 48 միլիոն դոլարի տեխնիկական սարքավորումներ, ինչպիսիք են բուժական պարագաներ, կրովի (շարժական) ռադիոկայաններ և այլն:
Միացյալ Նահանգները, ըստ դեսպանի, բարձր է գնահատում հատկապես աշխարհում խաղաղապահ առաքելություններին Հայաստանի օժանդակությունը, քանի որ Հայաստանն անվտանգություն արտահանող երկիր է:
Ռազմաբժշկական ոլորտում դեսպանի նշած համագործակցությունը, հիշեցնենք, վերաբերում է մասնավորապես Հայաստանի զինված ուժերի ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի ստեղծմանը, որը բացվել է 2016թ. հոկտեմբերին: Կենտրոնի դասախոսական և սպայական կազմի վերապատրաստումն իրականացվել է ռազմաբժշկական ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության շրջանակում:
Խաղաղապահության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը վերաբերում է Աֆղանստանում և Կոսովոյում ԱՄՆ և ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի զինված ուժերի զինծառայողների մասնակցությանը: Դրանից բացի, ամերիկյան կողմն օժանդակում է ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանումների վերապատրաստումների հարցում:
- ՀՀ պաշտպանության նախարարը և Հայաստանում ԱՄՆ դեսպանը կտրում են ռազմաբժշկական ուսումնական կենտրոնի բացման ժապավենը
- Հայաստանցի խաղաղապահ զինծառայողները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանսատան մեկնելուց առաջ պատրաստութան անցնելու:
- Կոսովոյի խաղաղապահ առաքելությանից վերադարձած հայկական ստորաբաժանումը «Զվարթնոց» օդանավակայանում
Ինչ վերաբերում է պաշտպանական ոլորտի բարեփոխումներին, ապա ԱՄՆ փորձագետները Հայաստանի պաշտպանությանը օժանդակություն են ցուցաբերել ինչպես Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացում, այնպես էլ ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության ոլորտի բարեփոխումների ընթացքում:
Ռազմական և անվտանգային ոլորտներում Հայաստանին ԱՄՆ օգնությանը՝ ըստ տարիների և ըստ ծրագրերի, կարող եք ծանոթանալ Ռազմինֆոյի հոդվածում, իսկ առավել մանրամասն՝ մեր պատրաստած աղյուսակում:
Հունվարի 28-ին՝ ՀՀ ԶՈւ կազմավորման օրը, ԱՄՆ դեսպանատան էջը հրապարակել էր նաև ԱՄՆ-ՀՀ ռազմական համագործակցության թվական այլ տվյալներ:
Posted by U.S. Embassy Yerevan on Friday, January 27, 2017