«Շուտով» Ռուսաստանը Սերբիային անվարձահատույց կփոխանցի 6 կործանիչ

Ռուսաստանի կողմից Սերբիային 6 միավոր ՄիԳ-29 կործանիչների փոխանցումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ստորագրումը նախատեսվում է իրականացնել առավելագույն կարճ ժամանակահատվածում։ Այս մասին հայտարարել է Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչը։ Մարտի 28-ին փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչներ

Լրագրողների այն հարցին, թե կոնկրետ ինչ ժամանակահատվածի մասին է խոսքը, Վուչիչը պատասխանել է. «հնարավոր է օրեր կամ շաբաթեր, բայց ոչ ամիսներ»։

Ավելի վաղ Ռուսաստանում Սերբիայի դեսպան Ալեքսանդր Չեպուրինը հայտնել էր, որ Սերբիային ՄիԳ կործանիչներ փոխանցման ժամկետի որոշումը պայմանավորված է որոշ տեխնիկական հարցերով։

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Սերբիայի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանը Սերբիային անհատույց կտրամադրի 6 միավոր ՄիԳ -29 կործանիչներ, 30 միավոր Տ-72 տանկ, 30 միավոր ԲՌԴՄ-2 զրահապատ մեքենա և 14,5 մմ տրամաչափի հրաձգային զենք:

ՄիԳ-29 կործանիչները Սերբիայի «Մոմա Ստանոյլովիչ» ավիաբազայում կվերանորոգեն և կարդիականացնեն ռուս մասնագետները, ինչից հետո կտրամադրվեն Սերբիայի ՌՕՈւ 204-րդ ավիացիոն բրիգադին։

Կործանիչների արդիականացման համար Սերբիան կծախսի 180-230 մլն եվրո (190-240 մլն դոլար), աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018-ին։

Նշենք , որ ևս 8  միավոր ՄիԳ-29 կործանիչ Սերբիային կնվիրի Բելառուսը։ Կործանիչներից բացի Սերբիային անհատույց կտրամադրվի նաև 2 միավոր  Բուկ-Մ1 զենիթահրթիռային համալիր։

Իսկ մայիսին Բելառուսի և Սերբիայի միջև կստեղծվի ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողով, որի հիմնական նպատակներից է Սերբիային մասնավորապես Ս-300Վ համակարգերի փոխանցումը քննարկելու հարցը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *