Մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի օդուժի աջակցությամբ՝ Սիրիայի կառավարական բանակը Սիրիայի Համա նահանգի շրջանում ոչնչացրել է ավելի քան 2100 գրոհային զինյալների, նրանց 55 միավոր զրահատեխնիկա, 22 միավոր «շեհիդ մոբիլ» (մեքենա, որը զինված է հեռակառավարվող պայթուցիկով), ավելի քան 100 միավոր մեքենա՝ ծանր սպառազինությամբ:
Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Նա նշել է, որ հարձակման ընթացքում թվային գերակշռության պատճառով ահաբեկիչներին հաջողվել է գրավել Համայի շրջանում մի քանի բնակատեղի և ընդհուպ մոտենալ քաղաքին:
Հարձակմանը մասնակցել է շուրջ 10 հազար ահաբեկիչ, որոնց մեծ մասը «Ջաբհաթ ալ-Նուսրա» խմբավորման զինյալներ են եղել: Սակայն կառավարական ուժերը և ՌԴ օդուժը կարողացել են կայունացնել իրավիճակը շրջանում:
Ահաբեկիչների ոչնչացման գործողությունը դեռևս շարունակվում է Համայում, կառավարական զորքերը անցել են հակահարձակման:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կառավարական բանակը Համայում մարտեր է մղում զինյալների դեմ, որոնք մարտի 23-ին առավելության էին հասել Սիրիայի բանակի նկատմամբ Համայի հյուսիսում՝ մարտի 21-ից Համայում գրավելով 11 գյուղ և շրջան, որոնց մի մասը կառավարական ուժերը ավելի ուշ հետ էին վերցրել: «Ջաբաթ ալ-Նուսրա» խմբավորումից բացի, ներգրավված էին նաև «Թահրիր ալ-Շամ», «Ահրար ալ-Շամ» և այլ զինված խմբավորումներ, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակը»։
Reuters գործակալությունը, հղում անելով ՄԱԿ-ին, հայտնում է, որ Համայի հյուսիսարևմուտքում ծավալված մարտերի պատճառով շուրջ 40 հազար մարդ է լքել իր բնակության վայրը: