Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) չի բացառում, որ Սիրիայի Ռաքքա քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազտագրելուց հետո այն կընդգրկվի քրդերի կողմից առաջարկվող Սիրիայի հյուսիսային ֆեդերացիայի կազմի մեջ: Այս մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է PYD-ի ներկայացուցիչ Հալեդ Իսան:
Նա հայտարարել է, որ քրդական ուժերը ազատագրում են ահաբեկչական խմբավորումներից Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններ: Ըստ նրա՝ գոյություն ունի Սիրիայի հյուսիում ֆեդերացիայի ստեղծման նախագիծ և, եթե տեղի իշխանությունները համաձայնվեն այդ նախագծին հնարավոր է ստեղծվի Սիրիայի հյուսիսում անկախ շրջան:
Քրդական կառույցի ներկայացուցիչը նշել է նաև, որ Սիրիայի հյուսիսում ֆեդերացիայի ստեղծումը հնարավարություն կստեղծվի խաղաղություն հաստատել երկրում: Նա նաև ընդգծել է, որ Սիրիայի հյուսիսում ապրող քրդերը, արաբները և ասորիները ունեն մեկ ընդհանուր խնդիր, այն է ահաբեկչության դեմ պայքարը:
Մարտի 27-ին PYD-ի նախագահ Սալիհ Մուսլիմը ևս հայտարարել է, որ Ռաքքան ԻՊ-ից ազատագրելուց հետո այն կմիանա քրդերի կողմից ղեկավարվող ֆեդերալ համակարգին, որը ստեղծվելու է Սիրիայի հյուսիսում: Միևնույն ժամանակ Մուսլիմը ընդգծել է, որ այդ որոշումը պետք է ընդունի Ռաքքա քաղաքի բնակչությունը: Փոխանցում է Reuters գործակալությունը:
Այսինքն քրդական ուժերը փորձում են ամեն կերպ վերահսկողություն սահմանել Ռաքքա քաղաքի վրա, ինչը նրանց հնարավորություն կտա, ինչպես Սիրիայի հյուսիսային մյուս հատվածներում, այնպես էլ Ռաքքայում տարածել իրենց ազդեցությունը և ինքնավար շրջան հայտարարել:

Վերահսկողության գոտիները Սիրիայի Տապկայի ջրամբարի շրջանում (27 մարտի 2017թ. դրությամբ). քարտեզը՝ «Ալ Ջազիրայի»
Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» վերջին շրջանում ծանր վիճակում է հայտնվել Սիրիայում, ներկայում խոշոր քաղաքներից նրա վերահսկողության տակ է մնացել միայն Ռաքքան: Մարտի 27-ին ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից, քրիստոնյաներից և գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) վերահսկողություն են հաստատել Սիրիայի խոշորագույն ջրամբարի վրա, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորումից գրավել Տաբկայի ավիաբազան: