Մարտի 27-ին Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնը հայտարարել է, որ մինչև այժմ Սիրիայում հրադադարի ռեժիմին միացել է 1393 բնակավայր: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ավելի վաղ՝ մարտի 26-ին, ռուսաստանյան կենտրոնի տվյալներով հրադադարին միացած բնակավայրերի թիվը կազմել է 1376: Այսինքն մեկ օրվա ընթացքում Սիրիայում հրադադարին միացել է 17 բնակավայր: Հրադադարին միացած բնակավայրերը հիմնականում գտնվում են Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի և Աս-Սուվայդա նահանգներում:
Միևնույն ժամանակ Սիրիայի իշխանությունները շարունակում են բանակցությունները Հալեպի, Հոմսի, Համայի, Դամասկոսի նահանգների բնակավայրերում մնացած զինված խմբավորումների հետ, որպեսզի նրանք էլ զենքը վայր դնեն:
Ռուսաստանյան գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին հայտնում է, որ Սիրիայում զինված խմբավորումները 136-ն են: 2017-ի հունվարից մինչ այժմ Սիրիայի կառավարական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից ազատագրել են 196 բնակավայր:
Հիշեցնենք, որ Սիրիական կառավարությունը և զինյալ խմբավորումները համաձայնել են Թուրքիայի և Ռուսաստանի երաշխավորությամբ 2016-ի դեկտեմբերի վերջ հրադադար հաստատել: Հրադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների, ինչպես նաև այն խմբավորումների վրա, որոնք կխախտեն հրադադարի ռեժիմը։
Միևնույն ժամանակ, Սիրիայում ճգնաժամի լուծման համար մի քանի փուլով բանակցություններ են անցկացրել: Աստանայում մինչ այժմ Սիրիայի ճգնաժամի հարցով անցկացվել է 3 հանդիպում՝ հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին և մարտի 14-16-ը: Հունվարի 23-24-ին Աստանայում բանակցությունների առաջին փուլի ընթացքում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ: Սակայն, սիրիական հակամարտության կարգավորման հարցով որևէ հստակ պայմանավորվածություն չէր հաջողվել ձեռք բերել:
Իսկ փետրվարի 15-16-ի բանակցությունների ժամանակ Սիրիայի կառավարական և որոշակի ընդդիմադիր ուժեր, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հորդանանի և ՄԱԿ-ի ներակայացուցիչների հետ քննարկել են հրադադարը խախտողի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը:
Մարտի 14-16-ի բանակցությունների մասին հստակ տվյալներ չկան, կողմերը կոնկրետ համաձայնությունների չեն կարողացել հասնել: