ԱՄՆ զորքերի պատվիրակությունը կայցելի ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանում

Մարտի 27-ին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության պլանավորման և քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՄՆ ԶՈւ պատվիրակության և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի հանդիպումը

ԱՄՆ ԶՈւ պատվիրակության և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետի հանդիպումը

Այցի շրջանակում կայացել են բրիգադի գեներալ Դեսկինսի հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը, պաշտպանական բարեփոխումները, «Հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման հայեցակարգի իրականացումը:

Քննարկվել են նաև պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդմանն առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մարտի 28-ին նախատեսվում է բրիգադի գեներալ Դ.Դեսկինսի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ` ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ իրականացվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման խորացված դասընթացի անցկացման ընթացքին ծանոթանալու նպատակով:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի ինժեներասակրավորական ստորաբաժանումները վերապատրաստվում են հենց ամերիկացի հրահանգիչների օգնությամբ: Մասնավորապես 2016-ի հուլիսին ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում անցկացվել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման (C-IED) երեքշաբաթյա դասընթացները, որոնք անցկացվել են Եվրոպայում ԱՄՆ-ի ՑԶ ինքնաշեն պայթուցիկ սարքերի դեմ պայքարի ուսումնական կենտրոնի հրահանգիչները:

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներից

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ինժեներական գումարտակում մեկնարկել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման դասընթացներից (արխիվ)

Դասընթացը կենտրոնացված է ինքնաշեն պայթուցիկ սարքերի վերաբերյալ հետախուզական տվյալների հավաքման, ռոբոտներով, ձեռքի ականորսիչներով հայտնաբերման ու վնասազերծման տեսական և գործնական վարժանքների վրա:

Ամերիկյան կողմը «Համաշխարհային խաղաղապահ գործողությունների նախաձեռնություն» (GPOI) ծրագրի շրջանակներում պատրաստակամություն է հայտնել աջակցել ոչ միայն դասընթացների պարբերաբար կազմակերպման, այլ նաև ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և վնասազերծման սարքավորումների, տեխնիկայի ձեռքբերման հարցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *