Միայն մարտին միջազգային կոալիցիայի հարվածներից Սիրիայում և Իրաքում սպանվել է 1000 քաղաքացիական

Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի և Ռուսաստանի ավիահարվածներից մահացածների մոնիթորինգով զբաղվող Airwars.org կայքը հրապարակել է տվյալներ, ըստ որոնց՝ միայն մարտ ամսին կոալիցիայի ավիահարվածներից Սիրիայում և Իրաքում մահացել է շուրջ 1000 մարդ: Այս մասին փոխանցում է «Al Masdar News» լրատվակայքը:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՊ դիրքերին Սիրիայի Քոբանի քաղաքում (արխիվ)

Մարտի 17-ին Իրաքի Մոսուլ քաղաքի արևելքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածներից սպանվել էր ավելի քան 200 մարդ, որոնց հիմնական մասը՝ քաղաքացիականներ: Կոալիցիան սկսել է հետաքննություն:

Իսկ մարտի 16-ին, Սիրիայի Իդլիբի նահանգում ապստամբների ձեռքում գտնվող Ալ-Ջինահ գյուղի մզկիթում ավիահարվածից զոհվել էր ավելի քան 40 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ: Զոհերի մեծ մասը քաղաքացիական էր: Ծանր վիրավորներով պայմանավորված՝ հնարավոր էր զոհերի թվի աճ, իսկ որոշները գտնվում էին փլատակների տակ:

Դեռ պարզ չէր, թե ով է ավիահարվածի հեղինակը: Սակայն նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ն հարվածներ էր իրականացրել տեղանքում: Միացյալ Նահանգները հայտարարություն է տարածել, որ իրենք չեն թիրախավորել մզկիթը, այլ հարվածել են մզկիթից 15 մ հեռավորության վրա գտնվող կառույցին, որտեղ հավաք էին անում Ալ-Կաիդայի զինյալները:

Մարտի 21-ին կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Ռաքքայի մոտ գտնվող դպրոցին, որտեղ պատսպարված էին իրենց տները լքած քաղաքացիականներ: Սպանվել է ավելի քան 30 մարդ: Կոալիցիան հետաքննություն է սկսել:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Վաշինգտոնում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի անդամ 68 պետության ԱԳ նախարարներ հավաքվել էին՝ քննարկելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը: Հանդիպումը անցկացրել էին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, այն առաջինն էր Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր:

Հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հայտնել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է Սիրիայում և Իրաքում ուժեղացնել ճնշումը Ալ-Կաիդայի և «Իսլամական պետության» վրա, այնտեղ ստեղծել «կայունության և զինադադարի շրջաններ», որպեսզի փախստականները կարողանան վերադառնալ տուն:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան կազմավորվել է 2014-ի սեպտեմբերին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետությունը» 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացավ Իրաքի բանակից գրավել մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը։

Նշենք, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ուժերը աջակցում են Սիրիայի Ռաքքա և Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողություններին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *