Նոյեմբերի 22-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին /ԱՄՆ/, Իգոր Պոպովին /ՌԴ/, Ժակ Ֆորին /Ֆրանսիա/ եւ նրանց ուղեկցող անձանց:
Այդ մասին նշված է Բակո Սահակյանի պաշտոնական կայքում:
Հանդիպմանը քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ու տարածաշրջանային վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործի հերոսացումը Ադրբեջանում, այդ պետության կողմից մարդասիրական հարցերի քաղաքականացումը եւ ռազմատենչ ու ահաբեկչական հռետորաբանությունը Բակո Սահակյանը որակել է անթույլատրելի` հավելելով, որ դա բանակցային գործընթացին հասցրած ամենալուրջ հարվածներից է: Այս հարցում Արցախի ղեկավարը կոչ է արել համապատասխան քայլեր ձեռնարկել Ադրբեջանին կառուցողական հուն բերելու ուղղությամբ:
Նախագահ Սահակյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափի վերականգնմանը և հավելել, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն հաշվի առնելով առկա իրողությունները, կենտրոնանալով դրդապատճառների, այլ ոչ թե հետեւանքների վերացման վրա` նշելով, որ անցյալին վերադառնալու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
Հանդիպմանը ներկա էին Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, պաշտոնատար այլ անձինք:
Տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն նաև Երևանում, իսկ նոյեմբերի 26-ին Բաքվում նախատեսված է համանախագահների հանդիպումը Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Աղբյուրներ՝ http://www.president.nkr.am/am/news/workingMeetings/1885/
http://vestikavkaza.ru/news/Sopredsedateli-MG-OBSE-privezut-v-region-novye-idei-po-Karabakhu.html