Իրանական 45-րդ նավախումբը ժամանել է Հնդկաստան

Իրանի բանակի ռազմածովային ուժերի 45-րդ նավախումբը՝ կազմված «Նաղդի» ականակիր նավից և «Թոնբ» թիկունքային ապահովման նավից,  միջազգային ջրերում իր իրականացրած ծառայության շրջանակներում կայանել է Հնդկաստանի Քոչին նավահանգստային քաղաքում։ Այս մասին մարտի 27-ին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Իրանական «Նաղդի» ականակիր նավը

Իրանական «Նաղդի» ականակիր նավը

Այցի ընթացքում երկու երկրների ռազմածովային ուժերը անցկացնելու են մրցումներ։ Իրանական նավամբի հրամանատարը հույս է հայտնել, որ մոտ ապագայում երկրները  կանցկացնեն նաև համատեղ զորավարժություն։ Փոխանցում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը։

Նմանատիպ այցով 2015 թվականի մարտին Քոչին նավահանգիստ է ժամանել նաև իրանական 33-րդ նավախումբը։ Իսկ հնդկական նավախմբեր Իրան ժամանել են 2015 օգոստոսին և 2016-ի մայիսին։

Իրանի բանակի ՌԾՈւ 45-րդ նավախումբը մարտի սկզբին՝ ՌԾՈւ 44-րդ նավախմբի 5-ամսյա հերթապահությունից վերադառնալուց հետո, ուղևորվել է Ադենի ծոցում և Բաբ էլ Մանդեբի նեղուցում հերթապահության։

Նավախումբը  ապահովում է իրանական նավարկող քաղաքացիական, առևտրային նավերի անվտանգությունը ծովահեններից:

Իրանական նավերը Կարմիր ծովում և Ադենի ծովածոցում հերթապահություն են իրականացնում 2008 թվականից, երբ ծովահենները առևանգել էին իրանական բեռնատար նավ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանը զորավարժություն էր անցկացրել բարեկամական այցով Իրան ժամանած պակիստանյան նավախմբի հետ։ Իսկ մինչ այդ  Իրանը նավախումբ էր ուղարկել  Ռուսաստան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *