Մարտի 27-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները կրակել են Թուրքիայի ԶՈւ ուղղաթիռի ուղղությամբ, սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Սպանված զինծառայողը ենթասպա Գյոքան Ալթընալանն է: PKK-ի զինյալներ կրակելու հետևանքով նա ծանր վիրավորվել է, տեղափոխվել է Հաքքարիի նահանգային հիվանդանոց, որտեղ և մահացել է:
Աղբյուրի համաձայն՝ մարտի 25-ից մինչև այժմ Թուրքիայի ուժայինները Հաքքարիում հատուկ գործողություններ են իրականացում PKK-ի դեմ, որի ընթացքում «շարքից հանվել է» քրդական կառույցի 22 զինյալի:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում PKK-ի զինյալների և Թուրքիայի ուժայինների բախումների արդյունքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող (1, 2):
Թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:
ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը քրդական կառույցի զինյալներն են: