Ռուսաստանի գվարդիան 1 տարվա ընթացքում 125 զինյալ է չեզոքացրել Հյուսիսային Կովկասում

Ստեղծվելուց հետո մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի ազգային գվարդիան պայքար է մղել Հյուսիսային Կովկասում ապօրինի զինված խմբավորումների դեմ, ոչնչացրել է 125 զինյալ և նրանց 300 ճամբար: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի ստորաբաժանումը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի ստորաբաժանումը զորավարժության ժամանակ

Գվարդիայի հատուկ նշանակության ստորաբաժանումները տարվա ընթացքում չեզոքացրել են Ռուսաստանում գործող 80 զինված խմբավորում, ձերբակալել են 15 հազարից ավելի մարդու:

Գործակալության տվյալներով՝ գվարդիան ունի 340 հազարանոց անձնակազմ, որի մեծ մասը ներգրավվել է ՆԳՆ կազմից: Գվարդիայի կազմի մեջ են մտցվել Ռուսաստանի ներքին զորքերը, հատուկ նշանակության արագ արձագանքման և այլ ստորաբաժանումներ:

Այս կազմակերպությունը, բացի Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների մասնակից լինելուց, նաև փաստացի հակակշիռ է հանդիսանում Ռուսաստանի բանակի համար՝ թույլ չտալով, որ բանակի ղեկավարության ձեռքում անվերահսկելի մեծ ուժ կենտրոնանա: Գվարդիան նաև զորավարժություններ է անցկացնում բանակի ստորաբաժանումների հետ:

Այս տարվա մարտին հայտնի է դարձել, որ գվարդիայի զորքերը ներգրավվելու են Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող միացյալ զորախմբի կազմ։

Միևնույն ժամանակ գվարդիան նույնպես թիրախ է դարձել Հյուսիսային Կովկասում գործող զինված կազմավորումների համար: Մարտի 24-ի առավոտյան զինյալները հարձակվել են Չեչնիայում ռուսական գվարդիայի զորամասի վրա, ինչի հետևանքով սպանվել է 6 ռուսաստանցի զինծառայող: Ահաբեկչության փորձին մասնակցել է 8 զինյալ, որոնք բոլորը սպանվել են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *