Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության խորհրդի նիստում ամփոփվել են 2016-ին կատարված աշխատանքները: Այս նիստի ժամանակ էլ նշվել է, որ 2016-ին Ռուսաստանը շարունակել է Ադրբեջանին Տ-90Ս տանկերի մատակարարումները: Փոխանցում է ռուսական «Կոմերսանտ» թերթը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Մինչ այս, սակայն, հայտնի էր, որ Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանի հետ պայմանագրով նախատեսված քանակի մատակարարումը: Սա նշանակում է, որ 2016-ին Ադրբեջանին մատակարարվել են լրացուցիչ քանակի տանկեր:
Տ-90Ս տանկերը և այլ զինտեխնիկան Ադրբեջանին մատակարարվում էին 2010-11 թվականներին Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերի համաձայն: Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալներով՝ Ադրբեջանը պատվիրել էր 94 միավոր Տ-90Ս տանկ:
Սակայն ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում նշվում է, որ 2013-2015 թվականներին Ռուսաստանը Ադրբեջանին արդեն մատակարարել է 100 տանկ: Տ-90Ս տանկերն արտադրող ընկերության տնօրենը նույնպես 2016-ի ամռանը հայտնել էր, որ Ռուսաստանն 2015-ին վերջացրել է Ադրբեջանին տանկերի մատակարարումը:
Սրանից հետևում է, որ եթե Ադրբեջանին նոր տանկեր են մատակարարվում, ապա գործում է պայմանագրի լրացուցիչ կետը՝ օպցիոնը: Դրանով Ադրբեջանը ցանկության դեպքում կարող էր գնել ևս մոտ 100 միավոր Տ-90Ս տանկ:
Ըստ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանի՝ Տ-90Ս տանկերի մատակարարումների շարունակությունը կարող է կապված լինել նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի կորուստների վերականգնման հետ: Մեզ հետ զրույցում Խալաթյանը նշեց.
«Եթե խոսում ենք Տ-90-ների մասին, շատ հավանական է, որ դա օպցիոն է, որ օգտագործել է Ադրբեջանը՝ նոր տանկեր ձեռք բերելու համար: Եվ նաև ես չեմ բացառում, որ այս ձեռքբերումները ուղղված են նրան, որ վերականգնեն այն կորուստները, որ Ապրիլյան պատերազմի օրերին ունեցել է ադրբեջանական բանակը զրահատեխնիկայում»:
Հայկական կողմի տվյալներով՝ Ապրիլյան մարտերի ընթացքում Ադրբեջանի բանակը կորցրել է առնվազն 29 միավոր տանկ, ինչպես նաև մոտ մեկ տասնյակի հասնող այլ զինտեխնիկա (ՀՄՄ-ներ, ՏՕՍ-1Ա հրանետ, «Գրադ» և այլն):
Ըստ «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալների՝ Ադրբեջանը նույն 2010-2011 թվականներին Ռուսաստանից պատվիրել էր նաև 91 միավոր ԲՄՊ-3 հետևակի մարտական մեքենա, սակայն ՄԱԿ-ի ռեգիստրի տվյալներով Ադրբեջանն այդ մեքենաների ստացել էր 118 միավոր: 2016-ին այս մեքենաների լրացուցիչ մատակարարման մասին չի հաղորդվել:
Ավելացնենք, որ «Կոմերսանտի» տեղեկություններով՝ նիստի ժամանակ նշվել է նաև, որ Հայաստանին «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերը 2016-ին մատակարարվել են Ռուսաստանի ՊՆ պահուստից: Հայաստանը դարձել է համակարգը ունեցող երկրորդ երկիրը Ռուսաստանից հետո: