ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Շիրակում տեղակայված զորամասերից մեկից վառելիքի հափշտակությունը։ Մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, այդ թվում նաև՝ զորամասի հրամանատարին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2016թ. մայիս- օգոստոս ամիսներին ՀՀ ՊՆ զորամասից կատարվել է խոշոր չափերի հասնող վառելիքի յուրացում, վատնում:
Պարզվել է զորամասին հատկացված վառելիքի հափշտակության եղանակը, բավարար ապացույցներ ձեռք բերվել, որ հափշտակված վառելիքը մատչելի գներով իրացվել է Գյումրիում գործող բենզալցակայանում, բացահայտվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել 6 անձի, որոնց թվում՝ զորամասի հրամանատարին, պահեստապետին, անհատ ձեռներեցին և այլոց։ Մեղադրանքներն առաջադրվել են հետևյալ հոդվածներով.
- Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Մ.Ալեքսանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով,
- Զորամասի պահեստարանի պետ Ա.Յայլոյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,
- Զորամասի ուսումնական մասի դասախոս Լ.Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով,
- Անհատ ձեռներեց Մ.Գալստյանին, վարորդին և իրացնողին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով։
Ընդ որում՝ նշված հոդվածներից հետևում է, որ զորամասի հրամանատար մեղադրվում է ոչ միայն վառելիքի յուրացման, այլև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասում ասվում է.
«Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը՝
պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: