Ռուսաստանի Ազգային գվարդիայի զորքերը ներգրավվելու են Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողություններ իրականացնող միացյալ զորախմբի կազմ։ Այս մասին մարտի 23-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
Նախատեսվում է , որ միացյալ զորախմբի կազմը որոշելվու է ազգային գվարդիայի ղեկավարի (ազգային գվարդիայի մասով), ինչպես նաև դաշնային պետական մարմինների ղեկավարների առաջարկի հիման վրա։
Ռուսաստանի ազգային գվարդիան ստեղծվել է 2016 թվականի ապրիլին։ Նրա գործառույթներից են ահաբեկիչների և ծայրահեղականների դեմ պայքարը, Ռուսաստանի տարածքում սահմանադրական կարգի պահպանումը, ինչպես նաև ՌԴ զինված ուժերի և սահմանապահների հետ երկրի տարածքային պաշտպանությանը մասնակցությունը:
Նկատենք, որ Ռուսաստանի տարածքներից ծայրահեղականների թվով հատկապես աչքի են ընկնում հենց Հյուսիսային Կովկասը և դրանից հյուսիս ընկած տարածքները: Այս տարածքների բնակչությունը հիմնականում մուսուլմանական է, ինչը պարարտ հող է ստեղծում «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական կառույցների համար, որ տարածեն իրենց ծայրահեղական գաղափարները և անկայուն իրավիճակ ստեղծեն տարածաշրջանում:
Ավելացնենք, որ մարտի 22-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվում է Ռուսաստանի մոտ 2000-2500 քաղաքացի: